Հայաստանում նոր վենչուրային ձեռնարկությունների ստեղծման նպատակով սկսնակ թիմերը և նորարները կստանան 15 հազար եվրո դրամաշնորհներ

Armenpress 14:00, 4 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 5-ին Երևանում կկայանա վենչուրային ֆորումի երկրորդ օրը, որի  շրջանակում գիտական և տեխնոլոգիական ձեռներեցության ծրագրի ընթացքում իրենց գաղափարներով հանդես կգան 14 թիմեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` 2017, 2018/2019 ժամանակահատվածում կտրամադրվի մինչև 10 դրամաշնորհ` յուրաքանչյուրը մինչև 15 հազար եվրո արժողությամբ և առավելագույնը 12 ամիս տևողությամբ: Ծրագրի նպատակն է օգնել սկսնակ թիմերին, նորարարներին, գիտնականներին, ինժեներներին, հետազոտողներին և ձեռներեցներին ներկայացնել իրենց նորարարական ապրանքները շուկայում, ստեղծել նոր վենչուրային ձեռնարկություններ և աջակցել նորարարությանն ու ձեռներեցությանը Հայաստանում:

Նորարարություններին ուղղված համաֆինանսավորվող ծրագիրն իրականացվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից` «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում, որը համաֆինանսավորվում է Եվրամիության, ինչպես նաև Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարվային Կովկասում» ծրագրի շրջանակում:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի խոսքով` ծրագիրն ավելի շատ ուղղված է ստարտափ գաղափարների մշակմանը:

«50 թիմից ընտրել ենք 14-ին, որոնք կներկայացնեն իրենց ծրագրերը: Այս փուլում ներառված թիմերը դեռ գաղափարները տեխնոլոգիապես իրականացնելու խնդիր ունեն: Այդ պատճառով ծրագիրը համաֆինանսավորում չի պահանջում, և այդ դրամաշնորհը համեմատաբար փոքր գումար է»,- ասաց Ենգիբարյանը` հավելելով, որ մայիսի 5-ին կայանալիք վենչուրային ֆորումը լինելու է գաղափարների մրցույթ:

Մրցույթների մրցանակաբաշխությունը կկայանա մայիսի 5-ին, ժամը 17:00-19:00-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում:

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական բիզնես ինկուբատորներից և խորհրդատվական ընկերություններից մեկն է, որը գործում է Երևանում: Կազմակերպությունը հիմնադրվել է 2002 թ. Համաշխարհային բանկի «Ձեռնարկությունների ինկուբատոր» ծրագրի շրջանակում և աջակցում է Հայաստանում տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի աճին՝ ստեղծելով նպաստավոր միջավայր նորարարության զարգացման, տեխնոլոգիաների կատարելագործման և ընկերությունների ընդլայնման համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am