Ադրբեջանում ձերբակալված բլոգեր Մեհման Հուսեյնովը վիրահատվելու է կալանավայրում

Armenpress 19:24, 20 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում ձերբակալված բլոգեր Մեհման Հուսեյնովը, ով «Լրագրողների ազատության և անվտանգության» ինստիտուտի ներկայացուցիչ է, առողջական խնդիրներ ունի:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը: Մեհման Հուսեյնովի փաստաբան Էլչին Սադըգովն, իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարելով, հայտնել է, որ բլոգերը բանտում վիրահատվելու է:

Մեհման Հուսեյնովը տառապում է ոտքի արյունատար անոթների հետ կապված հիվանդությամբ: «Ապօրինաբար ձերբակալելով Մեհման Հուսեյնովին՝ Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են լռեցնել երկրում տիրող անարդարությունները բարձրաձայնող և իշխանություններին քննադատող ևս մեկ ակտիվ գործչի»,- գրում է azadliq.info:

Ադրբեջանցի բլոգեր և «Լրագրողների ազատություն և անվտանգության» ինստիտուտի ներկայացուցիչ Մեհման Հուսեյնովը ավելի վաղ` հունվարին, ձերբակալվել և ազատ էր արձակվել, ինչից հետո հայտարարել էր, որ ոստիկանական բաժանմունքում ճնշումների է ենթարկվել: Նման հայտարարությունից հետո Նասիմիի շրջանի ոստիկանական վարչությունը բլոգերի դեմ գործ էր հարուցել` հայտնելով, որ նրա հայտարարությունները զրպարտանք են, և Հուսեյնովը զրպարտության հատկանիշներով դատապարտվել է 2 տարվա ազատազրկման:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am