Գեղարքունիքի մարզում կայացան զոհված մարտիկներին նվիրված հիշատակի արարողություններ

Armenpress 14:59, 3 Ապրիլ, 2017

ԳԱՎԱՌ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի նախաձեռնությամբ մարզի մի շարք համայնքներում կազմակերպվեց ե՛ւ  անցկացվեց Ապրիլյան քառօրյայի, ե՛ւ 2016 թվականի ընթացքում հայրենիքի սահմանների պաշտպանության համար իրենց կյանքը նվիրաբերած քաջորդիների հիշատակի եւ խոնարհումի արարողություններ:
 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, կազմակերպված միջոցառումներին մասնակցում էին զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները, համայնքների բնակիչներ, դպրոցականներ, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ: Մինչեւ տեղերում կազմակերպված գրական-երաժշտական ցերեկույթի մեկնարկը՝ մասնակիցները այցելել են հերոսացած տղաների շիրիմներին եւ ծաղիկներ խոնարհել, կատարել խնկարկումի արարողություն:  Հիշատակի միջոցառումներն ընթացել են Զոլաքարի թիվ 1, 2, Վերին Գետաշենի թիվ 2, Երանոսի թիվ 2, Գեղհովիտի թիվ 1, Գանձակի թիվ 1, 2, Գավառի թիվ 5,7, Փոքր Մասրիկի,  Գեղամասարի, Արծվանիստի, Արեգունու միջնակարգ դպրոցներում, որտեղ ժամանակին կրթվել եւ հայրենասիրության դասեր են առել հայրենի երկրի սահմանները պաշտպանելիս  հերոսի մահով ընկած  զինծառայողներ Դավիթ Հայրապետյանը, Գագիկ Մելքոնյանը, Իգոր Հակոբյանը, Անաստաս Համբարձումյանը, Խորեն Հարությունյանը, Նորիկ Սարգսյանը, Անդրանիկ Մուսիկյանը, Վրեժ Սարգսյանը, Կորյուն Հարությունյանը, Հարություն Աբրահամյանը, Արման Ղանդիլյանը, Արմեն Մարտիրոսյանը, Գուրգեն Այվազյանը եւ Արամայիս Ոսկանյանը: 
 Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը վերոնշյալ բոլոր զոհված զինծառայողների ընտանիքներին ցուցաբերել է ֆինանսական աջակցություն:

 

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am