1000х90.jpg (78 KB)

Հայաստանի և Ռուսաստանի մանկավարժական բուհերի նոր համաձայնագիրը ռուսաց լեզվի դասավանդումը կբարձրացնի նոր մակարդակի

Armenpress 17:40, 22 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում կստեղծվի ռուսաց լեզվի թեստավորման կենտրոն, որտեղ հնարավորություն կունենան անհրաժեշտ գիտելիքներ ձեռք բերել ոչ միայն համալսարանի  ուսանողները, այլև ՀՀ այն քաղաքացիները, ովքեր խնդիր են դրել իրենց առաջ ունենալ ռուսական քաղաքացիություն: 

Կենտրոնի հիմնումը նշանավորվեց մարտի 22-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում համաձայնագրի ստորագրմամբ: Փաստաթղթում իրենց կնիքը դրեցին Ա. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի ռեկտոր Մարգարիտա Ռուսեցկայան և մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը: «Մենք այսօր ստորագրեցինք համաձայնագիր, որը որոշակի հեռանկարներ է բացում երկու բարձրագույն ուսումնական հաստատությունների համագործակցության համար: Ծրագրերը մեծ են, մենք կձեռնարկենք նաև բավականին լուրջ քայլեր, որպեսզի ռուսաց լեզվի ուսուցման խնդիրները մեր համալսարանի խողովակով իրականցվեն նաև Իրանի Իսլամական Հանրապետության և Վրաստանի Հանրապետության քաղաքացիների համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ռուբեն Միրզախանյանը: Ռեկտորի խոսքով՝ արդեն ձեռք են բերվել որոշակի համաձայնություններ ամառային դպրոցի շրջանակում Ա. Պուշկինի անվան պետական մանկավարժական համալսարանի  և հայաստանյան բուհի ուսանողների փոխանակման մասին: Քննարկվում են նաև մանկավարժական համալսարանում առաջիկա  ուսումնական տարում մշտական հիմունքներով ռուսաց լեզվի դասավանդման  հնարավորությունները, որոնք կիրականացնեն Ա. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի դասախոսները:

Ողջունելով ներկաներին՝ Ա. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի ռեկտոր Մարգարիտա Ռուսեցկայան ասաց. «Վստահ եմ ՝ շատ կարճ ժամանակ անց կհանդիպենք՝ մեր համագործակցության առաջին արդյունքների մասին խոսելու համար: Համաձայնագիրը թող ծառայի ի շահ մեր ուսանողների, երեխաների, մեր բարի ավանդույթների շարունակության և բարիդրացիության»: Նոռա Գրիգորյան Լիանա Անդրեյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am