1000х90.jpg (78 KB)

Տնտեսած միջոցներով կառավարությունը սուբսիդավորելու է գյուղտեխնիկայի լիզինգի տոկոսադրույքը

Armenpress 20:59, 20 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության զարգացման նորաստեղծ հիմնադրամը ֆինանսավորելու է ոլորտի զարգացմանը միտված տարբեր ծրագրեր: Այդ մասին Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն՝ անդրադառնալով գյուղոլորտի զարգացման մասին հարցին:

«Ամեն տարի պարարտանյութ ներկրողին սուբսիդավորել ենք 2,3 միլիարդ դրամ, այս տարի մրցույթն այնպես ենք կազմակերպել, որի արդյունքում տնտեսել ենք 1,2 միլիարդ դրամ: Բացի այդ, յուրաքանչյուր տարի պարտրարտանյութ ներկրողը կառավարությունից պահանջում էր 5 միլիարդ դրամ կանխավճար, ինչն այս տարի չենք հատկացրել: Տնտեսված այս միջոցներն ուղղել ենք գյուղտեխնիկայի լիզինգային ծրագրին, որով  գյուղտեխնիկան հատկացվելու է 9 տոկոսով, մեր տնտեսած միջոցներով 7 տոկոսը վճարելու է կառավարությունը ու գյուղացին կկարողանա ընդամենը 2 տոկոսով ձեռք բերել գյուղտեխնիկա»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ընդգծեց Կարեն Կարապետյանը:

Վարչապետը տեղեկացրեց, որ Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ ստեղծվել է հիմնադրամ, որի միջոցներով  հանրապետությունով  հիմնվելու է գյուղտեխնիկայի ցանց, որպեսզի գյուղացին կարողանա նաև տեխնիկան վարձակալել: «Այս ամենը կնպաստի գյուղոլորտում ծախսերի նվազեցմանը, արդյունավետության բարձրացմանը: Ընդհանրապես, մենք բոլոր անհրաժեշտ միջոցները  շուկայական գների համեմատ մաքսիմալ ցածր գներով պետք է հատկացնենք»,- ասել է վարչապետը:   



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am