Նալբանդյանն ու Բարզանին քննարկել են Էրբիլում ՀՀ հյուպատոսության բացման հարցը

Armenpress 15:23, 17 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 17-ին Մյունխենում հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի նախագահ Մասուդ Բարզանիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, երկուստեք արժևորվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, և մտքեր են փոխանակվել փոխայցելությունների կազմակերպման, առևտրատնտեսական համագործակցության շուրջ։

Զրուցակիցները քննարկել են Էրբիլում Հայաստանի գլխավոր հյուպատոսության բացման հետ կապված հարցեր: Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Քուրդիստանի իշխանությունների կողմից ցուցաբերվող համակողմանի աջակցության կապակցությամբ։

Հայաստանի արտգործնախարարի խնդրանքով Քուրդիստանի ղեկավարը ներկայացրել է Իրաքում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում արձանագրված վերջին զարգացումները։

Հայաստանի արտաքին գործերի նախարարը և Իրաքյան Քուրդիստանի նախագահն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հրատապ հարցերի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am