«ԳԱՎԻ»-ն Հայաստանում նախատեսում է իրականացնել 60 հազար ԱՄՆ դոլարի անցումային աջակցության ծրագիր

Armenpress 18:11, 13 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինքը`  «ԳԱՎԻ»-ն, նախատեսում է 2017 թվականին  Հայաստանում դրամաշնորհային ծրագրով վերակառուցել և  վերանորոգել պատվաստանյութերի պահպանման 5 մարզային պահեստ, ինչպես նաև իրականացնել  անցումային աջակցության  ծրագիր` ներդնելով 60 հազար ԱՄՆ դոլար։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Վերակառուցված պահեստներում հնարավորություն կստեղծվի տեղադրելու ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից որպես նվիրատվություն տրամադրված սառնարան-սենյակները, որոնք հագեցված են ջերմային ռեժիմի շարունակական մշտադիտարկման էլեկտրոնային սարքերով:   

ԳԱՎԻ-ին Հայաստանին աջակցում է 2000 թվականից՝ երկրում նոր պատվաստանյութերի (Հեպատիտ Բ, հեմոֆիլուսային բաղադրիչով հնգավալենտ, ռոտավիրուսային, պնևմակոկային, մարդու պապիլոմավիրուսային) ներդրման, ինչպես նաև պատվաստումային ծառայությունների օժանդակության ծրագրերով։

Իմունականխարգելման ազգային ծրագրի հաջող իրականացման արդյունքում մեր երկրում դիտվում է վարակիչ կառավարելի հիվանդություններով հիվանդացության և մանկական մահացության շարունակական նվազում: Վերջին տվյալներով` Հայաստանում վարակիչ հիվանդություններից մահացության ցուցանիշը չի գերազանցում 1%-ը։  

Մեր երկրում արձանագրվող տնտեսական ցուցանիշների բարելավմամբ պայմանավորված` 2017 թվականին ավարտվում են ԳԱՎԻ-ի ծրագրերը։  Իմունականխարգելման ոլորտում արձանագրված ձեռքբերումների և ցուցանիշների կայունությունն ապահովելու համար դաշինքը Հայաստանին օժանդակում է անցումային դրամաշնորհային ծրագրով: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am