Երևանյան բեսթսելեր 4/47. Ամենավաճառվածների ցանկում երկու նոր գիրք է ընդգրկվել
ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է Արփի Ոսկանյանի «Չի վաճառվում» ստեղծագործությունը: Գրքում տեղ գտած պատմվածքները 20 տարվա ժամանակահատված են ընդգրկում՝ ներկայացնելով հեղինակի անցած ճանապարհը ուշ պատանեկությունից մինչև միջին տարիք, այդ ճանապարհին տեղի ունեցած աշխարհայացքային, գեղագիտական, ոճական փոփոխությունները։ Միաժամանակ գրքում երևակվում է տվյալ ժամանակաշրջանի գրականության հետագիծը։
Ինչպես անցած, այնպես էլ այս շաբաթ Ստեֆան Ցվայգի «Ընտիր նովելներ» գիրքը երկրորդն է: Գրքում զետեղված է գրողի՝ առաջին անգամ հայերեն թարգմանված ամենահետաքրքիր ստեղծագործությունների մի փունջ: Թարգմանիչներն են Արա Առաքելյանը և Մարգարիտ Առաքելյանը:
Էդգար Հարությունյանի «Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին» ժողովածուն չի զիջել իր դիրքերը և կրկին երրորդն է: Այն արդեն մի քանի շաբաթ է, ինչ չի լքում մեր ցանկը:
Չորրորդ հորիզոնականում իր դիրքերն է ամրապնդել Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» ստեղծագործությունը: Այն Ուայլդի միակ հրատարակված վեպն է և աշխարհում ամենաընթերցվող գրքերից է։ Առաջին անգամ լույս է տեսել 1890 թվականի հուլիսին անգլիական թերթերից մեկում։
Ամենավաճառվածների ցանկի հինգերորդ տեղում «Կեցության անտանելի թեթևություն» գիրքն է: Այն Միլան Կունդերայի ամենահայտնի վեպն է, որ խորհրդանշում է նաև 20-րդ դարի վեպի որակական նոր մակարդակը: Այն սիրո և մարդկային ոչ սովորական հարաբերությունների, պատմության ողբերգական մի ժամանակահատվածի մասին է՝ փիլիսոփայական ինքնատիպ խորհրդածություններով, որոնք վերաբերում են մարմնի և հոգու անհամատեղելի երկվությանը, իրական հնարավորություններին ու դրանց իրացման դժվարությանը:
Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան» ստեղծագործությունը բարելավել է իր դիրքերը և վեցերորդն է: Գիրքն ընթերցողին թույլ է տալիս ապրել կյանքերով, որոնք իրենը չեն: Բրունոյի և Շմուելի ընկերությունը «Զոլավոր գիշերազգեստով տղան» վիպակում հենց այդպիսին է. դրա շնորհիվ մարդիկ նորովի են ընկալում Հոլոքոսթը: Հերոսների հետագա ճակատագրի մասին ընթերցողը շարունակում է մտածել նաև գրքի վերջին էջը փակելուց շատ հետո, գործը ստիպում է այլ` թարմ հայացքով նայել կյանքի իրողություններին, նոր տեսանկյունից դիտարկել դրանք:
Ցանկի յոթերորդ հորիզոնականում նոր գիրք է ընդգրկվել: Մկրտիչ Արմենի «Երևան» էպոպեան խորհրդահայ գրականության ամենաինքնատիպ գործերից է, որ տարբեր հանգամանքների բերումով այնքան էլ ծանոթ չէ ընթերցասերների լայն շրջանակներին: Այն առաջին անգամ լույս է տեսել 1931 թվականին Մոսկվայում:
Սպենսեր Ջոնսոնի «Ո՞ւր է իմ պանիրը» ստեղծագործությունը, զիջել է իր դիրքերը և ութերորդ տեղում է: Գիրքը պատմություն է փոփոխության մասին: Ստեղծագործության չորս հերոսներն առերեսվում են փոփոխությանը, և յուրաքանչյուրը յուրօրինակ վարքագիծ է դրսևորում: Դոկտոր Սպենսեր Ջոնսոնը գրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը, սակայն, ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:
Ցանկ է վերադարձել և իններորդ հորիզոնականը զբաղեցրել Ֆյոդոր Դոստոևսկու «Պատմվածքներ»-ն ամփոփող ժողովածուն:
Ամենավաճառվածների ցուցակը եզրափակում է «Հուլունքախաղը», որը Հերման Հեսսեի վերջին մեծ վեպն է: Գիրքը ոչ միայն եզրափակում, այլև ամփոփում է գրողի անցած ճանապարհը՝ անդրադարձնելով նրա հոգեմտավոր որոնումների հարուստ պատմությունը՝ նոր ռոմատիկական փորձերից մինչև հասուն մոդեռնիստական ստեղծագործությունները:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նարեկ» (51-91-36), «Զանգակ» (23-26-49) գրախանութները, «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23), 7-րդ տաղավար-գրախանութը (077-24-54-81):
Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ 1 ՆորԱրփի Ոսկանյան
«Չի վաճառվում»
Անտարես 52 2 0Ստեֆան Ցվայգ
«Ընտիր նովելներ»
Բուկինիստ 28 3 0Էդգար Հարությունյան
«Նվիրելու արվեստը կան ձոն վարդին»
Անտարես 26 4 0Օսկար Ուայլդ
«Դորիան Գրեյի դիմանկարը»
Էդիթ պրինտ 26 5 +2Միլան Կունդերա
«Կեցության անտանելի թեթևությունը»
Անտարես 22 6 +2Ջոն Բոյն
«Զոլավոր գիշերանոցով տղան»
DirectMEDIA 20 7 ՆորՄկրտիչ Արմեն
«Երևան»
Անտարես 7 8 -3Սպենսեր Ջոնսոն
«Ու՞ր է իմ պանիրը»
Էդիթ պրինտ 6 9 *Ֆյոդոր Դոստոևսկի
«Պատմվածքներ»
Բուկինիստ 5 10 *Հերման Հեսսե
«Հուլունքախաղ»
Անտարես 5«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
- Հայաստանի վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության
նախարարին
- «Երևանյան բեսթսելեր»․ «Ջունգլիների գիրքը» ՝ առաջատար. մանկական.
փետրվար, 2024
- «Երևանյան բեսթսելեր». «Ատոմային սովորություններ» գիրքն ՝ առաջատար.
փաստավավերագրական, հունվար, 2024
- «Երևանյան բեսթսելեր». «Բվիկ Բուուի արկածները» ՝ առաջատար. մանկական.
հունվար, 2024
- Գեղարքունիքի մարզպետը հերքել է Վարդենիսը դատարկելու լուրերը