Սպասվող լրահոս. 02.02.2017

Armenpress 09:30, 2 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Առողջապահության նախարարությունը կառավարության քննարկմանն է ներկայացնում Պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման զարգացման ռազմավարությունը: Հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության այսօր` փետրվարի 2-ին, կայանալիք նիստում: Օրակարգային մեկ այլ հարցով էլ կառավարությունը կքննարկի Սփյուռքի նախարարության «Արի տուն» 2017 թվականի ծրագիրը և միջոցառումների ցանկը:

Սփյուռքի նախարարությունը կազմակերպում է միջոցառում` նվիրված հայրենադարձությանը: Նախարար Հրանուշ Հակոբյանը հանդես կգա բացման խոսքով, որի ընթացքում լուսապատկերներով կներկայացվեն աշխարհի այն նշանավոր հայերը, ում կապիտալը անկախության տարիներին էական դեր է խաղացել Հայաստանի համար:  Այնուհետև կցուցադրվի «Հայաստան աշխարհ» ֆիլմը, որը պատմում է տարբեր երկրներից  հայրենադարձների մասին, ովքեր համառոտ ներկայացնում են իրենց վերադարձի շարժառիթները:

Տավուշի մարզի Իջևան քաղաքն այսուհետ կունենա առաջին ատյանի դատարանի նորակառույց շենք: Այն արդեն պատրաստ է և ՀՀ արդարադատության նախարարության, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր տեղի կունենա պաշտոնական բացումը:

Կհրապարակվեն ԱԺ էթիկայի հանձնաժողովի գործունեության դիտարկման արդյունքները: «ԱԺ մոնիտորինգ» ծրագիրը կներկայացնի պատգամավորների բացակայությունները, էթիկայի կանոններին վերաբերող հարցերը: 

ՀՀ ոստիկանությունում կկազմակերպվի «Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույց»-ի քննարկում: ՀՀ ոստիկանությունը նպատակ ունենալով առաջիկա համապետական ընտրություններում լիարժեք իրականացնել իր լիազորություններն ու պարտականությունները օրենքով իրեն վերապահված  գործառույթների շրջանակում՝ փոփոխել, լրացրել և թարմացրել է  «Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույց»-ը:

Երևանի Պետական Մանկավարժական համալսարանում կներկայացվեն «Համագործակցային մոտեցումը ներառական կրթության մեջ» ծրագրի մանրամասները: 2016 թվականի սեպտեմբերի մեկից Երևանի թիվ 163 դպրոցում  մեկնարկել  է «Համագործակցային մոտեցումը ներառական կրթության մեջ» ծրագիրը, որն իրականացվում է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան շրջանավարտներին տրվող դրամաշնորհային ծրագրի  շնորհիվ: Ծրագրի ընթացքում իրականացվող հանդիպումների արդյունքում  դպրոցի ուսուցիչները և բազմամասնագիտական թիմի անդամները  հնարավորություն ստացան ձեռք բերել նոր գիտելիքներ դպրոցում երեխաների սոցիալական ներառումը  կազմակերպելու համար

Ինչպե՞ս պատրաստվել պահքին և  ինչպե՞ս անցկացնել այն: Առաջավորաց պահքին ընդառաջ  լրագրողների հետ հանդիպմանն այս և այլ հարցերին կանդրադառնա Արարատյան հայրապետական թեմի ` Եռաբլուրի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am