Հայաստանը կշարունակի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունները. Էդվարդ Նալբանդյան

Armenpress 16:14, 31 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին այլընտրանք չի տեսնում: Հունվարի 31-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Առաջին անգամը չէ, որ Ադրբեջանը հրաժարվում է տարբեր հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններից, սակայն բանակցություններին այլընտրանք չկա: Հայաստանը շարունակում է ջանքերը՝ ուղղված հանգուցալուծման այնպիսի տարբերակին, որը կամրապնդի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները և անվտանգությունը: Սա է պատճառը, որ հարկավոր է շարունակել բանակցությունները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը:

Անդրադառնալով ի պատասխան ադրբեջանցի լրագրողի հարցին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, որ ԼՂ հակամարտությունը միայն Ադրբեջանի ներքին խնդիրը չէ՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունը հստակ էր ու դրա հետ կապված այլ բան չի ցանկանում ասել: «Այստեղ ես կցանկանամ անդրադառնալ Բաքվի արդարացումներին, թե այդ լրագրողը ինքնագլուխ է նման հարց տվել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարին: Սակայն խնդիրն այստեղ այն է, որ այդ լրագրողի հարցը կրկնում էր Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանի հայտարարությունը: Լավ, ենթադրենք լրագրողը հորինել էր այդ հարցը, այդ դեպքում ի՞նչ էր նշանակում դեսպանի հայտարարությունը»,- ընդգծեց Էդվարդ Նալբանդյանը:

Նա հավելեց, որ գաղտնիք չէ, որ Ադրբեջանն ապրիլյան պատերազմի օրերին տարբեր երկրներում իր դեսպանների միջոցով փորձում էր կասկածի տակ դնել 1994-1995թթ եռակողմ զինադադարի պայմանագիրը: «Այդ օրերին եռանախագահները ստիպված եղան Ադրբեջանին մի քանի անգամ տեղը դնել՝ հայտարարելով, որ զինադադարի եռակողմ պայմանագիրն ուժի մեջ է, և կողմերը պետք է պահպանեն հրադադարը: Դրանից հետո Ադրբեջանը հայտարարեց, որ Վիեննայում և Նյու Յորքում Ադրբեջանի դեսպանները ինքնագլուխ են գործել: Փաստորեն, նրանք իրենց ստերի մեջ այնքան են խճճվել, որ արդեն չեն հասկանում, թե ինչպես կարող են դուրս գալ դրանց տակից: Դրա համար պարբերաբար հայտնվում են նման ծիծաղելի վիճակներում»,- եզրափակեց նախարարը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am