«Հայկական կինոյի էջերից» ծրագիրը մեկնարկեց «Պեպո» ֆիլմի ցուցադրությամբ

Armenpress 21:48, 25 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նարեկացի» արվեստի միության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի համագործակցությամբ ստեղծված նոր «Հայկական կինոյի էջերից» ծրագրի շրջանակում հունվարի 25-ին «Նարեկացի» արվեստի միությունում ցուցադրվեց Համո Բեկնազարյանի «Պեպո» կինոնկարը, որն առաջին հայկական հնչյունային ֆիլմն է: «Տարվա ընթացքում 24 ֆիլմ է ցուցադրվելու. ամեն ամիս երկու կինոնկար: Անդրադարձել ենք առաջին գունավոր, լայնէկրան, հնչյունային և այլ ֆիլմերին: Կինոժապավենների ցուցադրությունների ընթացքում մասնագետների հետ քննարկումներ կանցկացվեն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Նարեկացի արվեստի միության գեղարվեստական ղեկավար Լուսինե Ազարյանը և հավելեց, որ իրենց նպատակը հայ մշակույթը ճանաչելի դարձնելն է:

Ազգային կինոկենտրոնի ներկայացուցիչ Անահիտ Արփենն ասաց, որ «Պեպո» ֆիլմն իրեն հպարտանալու առիթ է տալիս, և իրենք սիրով են համագործակցում Նարեկացի արվեստի միության հետ տվյալ ծրագրի շրջանակում:

Կինոգետ Սիրանուշ Գալստյանի խոսքով՝ Համո Բեկնազարյանը հայ կինոարվեստի կարկառուն ներկայացուցիչներից է: «Նա մեծ դեր է խաղացել նաև հարևան երկրներում ֆիլմարտադրության ստեղծման գործում: Իբրև բեմադրիչ երեք ֆիլմ է  ստեղծել Վրաստանում: Կարծում եմ՝ նա կինոյի հայ աշխարհակալն է, և դա չափազանցություն չէ:  Բեկնազարյանը 30 ֆիլմ է նկարել իր կյանքի ընթացքում»,-ընդգծեց կինոգետը:

Առաջին հայկական հնչյունային ֆիլմը հիմնված է Գաբրիել Սունդուկյանի համանուն պիեսի վրա։ Ֆիլմի ռեժիսորը Համո Բեկնազարյանն է, Պեպոյին մարմնավորել է Հրաչյա Ներսիսյանը, իսկ Զիմզիմովին` Ավետ Ավետիսյանը:

Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում  հին Թիֆլիսում։ Կինոնկարը պատմում է մի աղքատ ձկնորսի` Պեպոյի և խարդախ առևտրական Զիմզիմովի նրա դեմդիմակայության մասին։ Պեպոն փորձում է դատարանի միջոցով վերադարձնել այն գումարները, որոնք ժամանակին իր հայրը պարտքով տվել է Զիմզիմովին։ Սակայն դատավորի հետ դավադրության մեջ գտնվելով`Զինզիմովը ոչնչացնում է իսկական վկայականը և այն փոխարինում է կեղծ փաստաթղթի հետ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am