Սպասվող լրահոս. 25.01.2017

Armenpress 09:13, 25 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Երևանում հունվարի 25-27-ն անցկացվում է «Էներգետիկայի շաբաթ 2017» միջոցառումների շարք: Միջոցառումները միտված են ներկայացնելու Հայաստանում էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում վերջին զարգացումները, ոլորտում առկա խնդիրները, ներդրումային հնարավորությունները, հեռանկարային ծրագրերը: «Էներգետիկայի շաբաթ 2017» միջոցառումների շրջանակում կկայանա Արեւային էներգիայի ներդրումային համաժողովի բացումը:

Այսօր Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը կներկայացնի առողջապահության, առևտրի և սպասարկումների, արտաքին ձևավորման և գովազդի ոլորտներում իրականացված աշխատանքների հաշվետվությունը: Նա կանդրադառնա նաև 2017 թվականի համար նախանշված ծրագրերին:

Հունվարի 28-ին լրանում է հայկական բանակի հիմնադրման 25 տարին: Օրվա ընդառաջ ՀՀ Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը կներկայացնի հայկական բանակի կայացման 25 տարիների ընթացքում ռազմաբժշկության անցած ուղին, ձեռբերումներն ու նվաճումները:

Մեկ այլ քննարկում նույն թեմայի շուրջ: «Հայդուկ կամավորականների հայրենասիրական» ՀԿ նախագահ Մուշեղ Բաբայանը, հետախուզա-դիվերսիոն առաջին խմբի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովը և «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը կխոսեն հայկական բանակի մարտունակության, հասարակություն-բանակ-պետություն կապի, ազգ-բանակ գաղափարախոսության մասին:

ԵՊՀ-ում կկայանա 2000 թվականից ՀՕՖ-ի հովանու ներքո գործող Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ԳԿՀԱՀ-ANSEF) միջոցով տրվող դրամաշնորհների հանձնման հանդիսավոր արարողությունը: 30 խմբում ընդգրկված հայաստանցի 100 գիտնական դրամաշնորհներ կստանան Հայ օգնության ֆոնդից` կենսաբանության, ֆիզիկայի, քիմիայի, կենսատեխնոլոգիայի, աստղագիտության, հայագիտության եւ այլ ոլորտներում գիտական հետազոտություններ իրականացնելու համար:

Երևանում կներկայացվի Հայաստանի խոշորագույն 17 համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների թափանցիկության մոնիտորինգի 2016 թվականի զեկույցը, որն իրականացրել է ժուռանլիստների «Ասպարեզ» ակումբը:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը կներկայացնի Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) 2016թ. արդյունքները:

Սպասվող տեղեկատվությունը` առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը, կներկայացնի ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: Նա կխոսի առաջիկա օրերին սպասվող հզոր ցիկլոնի ազդեցության մասին:

Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Առնո Բաբաջանյանի ծննդյան 95-ամյակին նվիրված համերգ՝ «Սիրված երգեր» խորագրով:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am