Սպասվող լրահոս.17.01.2017
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:
Այսօր` հունվարի 17-ին, լրագրողների հետ կհանդիպի ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: Նա կխոսի կոմիտեի 2016 թվականին իրականացրած աշխատանքների մասին, ինչպես նաև կանդրադառնա առաջիկա անելիքներին:
Ընթացիկ տարվա աշխատանքները կներկայացնի նաև Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: Նա կներկայացնի, թե Ազգային արխիվում պահվող նյութերի թվայնացման գործընթացն ինչ փուլում է, մանրամասներ կհաղորդի հրատարակչական ծավալուն գործունեության վերաբերյալ:
Լրագրողների հետ կհանդիպի նաև Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը: Նա կամփոփի 2016թվականի աշխատանքները, կներկայացնի 2017թվականի անելիքները, նախանշված ցուցադրությունները:
Երևանում կանցկացվի հանրային քննարկում «Խոսքի ազատության զարգացման եւ լրագրողների, լրատվամիջոցների իրավունքների պաշտպանության խնդիրները Հայաստանում» թեմայով: Ելույթ կունենա Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
«Հրանտ Դինք. 10 տարի անց» խորագրով շաբաթվա շրջանակում Սփյուռքի նախարարությունում տեղի կունենա Հայոց ցեղասպանությանը նվիրված տասը գրքի շնորհանդես: Կմասնակցեն ՀՀ սփյուռքի նախարարը, ՀՀ արդարադատության փոխնախարարը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը:
Աժ ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը և «Հայկական վերածնունդ» կուսակցության մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանը կներկայացնին թե իրենց քաղաքական ուժերն ինչպե՞ս են պատրաստվում մասնակցել ընտրություններին:
«Թեքեյան կենտրոն»-ում տեղի կունենա մոսկվաբնակ հայ լուսանկարիչ Սերգեյ Գասպարյանի «Ստորջրյա աշխարհի գաղտնիքները» անհատական ցուցահանդեսի բացումը: ՍերգեյԳասպարյանը ծնվել է 1953թ. Մոսկվայում, բժիշկների ընտանիքում: Կրթությամբ եւ մասնագիտությամբ նեյրովիրաբույժ է, բժշկական գիտությունների դոկտոր: Ամբողջ ազատ ժամանակը նվիրում է լուսանկարչությանը, մասնավորապես ստորջրյա լուսանկարչությանը: Լինելով նաեւ փորձառու ջրասուզակ, կարողացել է պատկերել մեր մոլորակի տարբեր ծովերի եւ օվկիանոսների ստորջրյա հրաշալիքները:
Երևանի մամուլի ակումբներից մեկում կներկայացվեն մի սոցոլոգիական հետազտության արդյունքներ, որոնք վերաբերում են Հայաստանում սեռական փոքրամասնությունների: Սոցոլոգիական հարցման հեղինակները փորձել են պարզել թե արդյոք մեր երկրում նրանց նկատմամբ խտրականություն կա: Հետազոտությունն իրականացրել է «Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ-ն:
Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում: