ՀՀ ոստիկանապետի տեղակալները երեք մարզային վարչություններում խորհրդակցություն են անցկացրել

Armenpress 19:23, 11 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչությունում hունվարի 11-ին անցկացվեց օպերատիվ խորհրդակցություն, որին մասնակցում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լետենանտ Հունան Պողոսյանը: Օրակարգում վարչության եւ ենթակա ստորաբաժանումների ծառայողների կողմից 2016 թվականի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքների ամփոփումն էր: Նշվեց, որ հաշվետու տարում վարչության անձնակազմը վերահսկել է օպերատիվ իրավիճակը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, որի հաղորդագրության մեջ նաև նշված է. «Դրական գնահատելով վարչության եւ ենթակա ստորաբաժանումների ծառայողների աշխատանքը՝ Հունան Պողոսյանը կարեւորեց ոստիկանության հեղինակության ամրապնդման խնդիրը, ինչը հատկապես պայմանավորված է հանրային ծառայությունների մատուցման որակով:

Նույն օրը ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանը մասնակցեց ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում տեղի ունեցած ամփոփիչ խորհրդակցությանը: Ներկայացվեցին 2016 թվականին կատարված աշխատանքները, միաժամանակ նշվեցին բացթողումներն ու թերացումները, որոնց վերացման ուղղությամբ արվեցին կոնկրետ առաջարկներ: Հունվարի 11-ին ամփոփիչ խորհրդակցություն անցկացվեց նաեւ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում, որին մասնակցում էր ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը:

Գոհունակություն հայտնելով արդյունավետ աշխատանքի համար՝ Վարդան Եղիազարյանը կարեւորեց անձնակազմի արհեստավարժության բարձրացման խնդիրը, ինչին միտված են, մասնավորապես, գործնական պարապմունքները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am