Գառնիի «Բազալտե երգեհոն» բնության հուշարձանն առավել գրավիչ կդառնա զբոսաշրջիկների համար

Armenpress 18:14, 11 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որին  մասնակցել են  Կովկասի բնության հիմնադրամի /CNF/ գերմանական կազմակերպության  Հայաստանի ազգային համակարգող Ա. Վերմիշյանը, ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքի ղեկավար Ա.Սահակյանը, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ և նախագծային ընկերությունների ներկայացուցիչներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են «Գառնի» տաճարից դեպի «Բազալտե երգեհոն» սյունաձև բազալտներ» բնության հուշարձանի և «Խոսրովի անտառ» պետական արգելոցի այցելուների կենտրոնի  ուղղությամբ ճանապարհի և համապատասխան ենթակառուցվածքների նախագծերի,  ինչպես նաև տարածքների կառավարման մոդելի վերաբերյալ հարցեր:

Կարևորելով Հայաստանում էկոտուրիզմի զարգացման խթանումը`  Խաչիկ Հակոբյանն առաջարկել է առաջիկա հանդիպման ընթացքում ներկայացնել նախագծի ընդլայնման հնարավորությունները:

Անդրադարձ է եղել  նաև CNF-ի կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում` Գառնիի «Բազալտե  երգեհոն» /Քարերի սիմֆոնիա/ բնության հուշարձանի քարտեզագրման և անձնագրավորման հարցերին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am