1000х90.jpg (78 KB)

Վարչապետի մոտ քննարկվել են Գեղարքունիքի մարզից ստացված ներդրումային ծրագրերի փաթեթները

Armenpress 17:24, 11 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Գեղարքունիքի մարզից ներկայացված ներդրումային ծրագրերի փաթեթները՝ վարչապետի մարզային այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մանրամասն անդրադարձ է կատարվել ներկայացված բիզնես ծրագրերից յուրաքանչյուրին, որոնք վերաբերում են պանրագործության, կաթնամթերքի, գյուղմթերքի արտադրության ընդլայնմանն ու զարգացմանը, ինչպես նաև առանձին բիզնես ծրագրերում արտաքին ներդրողների ներգրավմանը: Կարևորելով մարզերում ներդրումային ծրագրերի խթանումն ու իրականացումը՝ վարչապետը նշել է, որ կառավարությունը համաֆինանսավորելու և աջակցություն է ցուցաբերելու այն ծրագրերին, որոնք հեռանկարային են, ունեն տնտեսական հիմնավորում, գնահատված ռիսկեր, կարող են դառնալ արդյունավետ բիզնես՝ ստեղծելով նոր աշխատատեղեր և ապահովելով մուլտիպլիկատիվ էֆեկտ: Ամփոփելով քննարկման արդյունքները՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է Գյուղատնտեսության, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություններին և առաջարկել Կենտրոնական բանկին՝ հավանության արժանացած ծրագրերի իրականացմանը համապատասխան ընթացք տալու նպատակով դիտարկել իրենց կառույցների միջոցով օժանդակություն ցուցաբերելու հնարավորությունը: Առաջարկվել է նաև Կենտրոնական բանկի մասնակցությամբ ստեղծել հարթակ՝ գործարարների համար բիզնես դասընթացներ և ուսումնական ծրագրեր իրականացնելու նպատակով, ինչը կնպաստի ներդրումային ծրագրերի ավելի հիմնավոր և արդյունավետ կազմմանը: Հաջորդիվ կառավարությունում քննարկվելու են նաև մյուս մարզերից ստացված ծրագրային փաթեթները: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am