ԱԱԾ-ն կանխել է Թուրքիայից խոշոր չափերով թմրամիջոցների ներկրումը Հայաստան

Armenpress 18:55, 5 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կանխվել է Թուրքիայից մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ներկրումը Հայաստան:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` ՀՀ քաղաքացի Ա. Հ.-ն, 2016 թ. դեկտեմբերի 31-ից գտնվելով Թուրքիայի Հանրապետության տարածքում, իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով` «հերոին» ու «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցների խմբաքանակ և «Ստամբուլ-Երևան» չվերթով  տեղափոխել Հայաստան: 2017թ. հունվարի 3-ին «Զվարթնոց» օդանավակայանում մաքսային հսկողության «կարմիր ուղին» հատելուց անմիջապես հետո  վերոհիշյալ թմրամիջոցները հայտնաբերվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելը, պահելը, փոխադրելը և ՀՀ պետական սահմանով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգություն կատարելը): Ա. Հ.-ն ձերբակալվել է, կատարվում է նախաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում ենթադրյալ հանցակիցներին բացահայտելու ուղղությամբ:

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am