1000х90.jpg (78 KB)

«Լույսի ձայներ» վավերագրական ֆիլմը ցուցադրվեց մեծ էկրանին

Armenpress 10:40, 30 Նոյեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի  շրջագայությունների մասին պատմող «Լույսի ձայներ» վավերագրական ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը կայացավ նոյեմբերի 29-ին՝ «Մոսկվա» կինոթատրոնում: «Տարիներ առաջ տեսա երգչախմբի Տոկիոյի համերգը և Տիգրանին ասացի, որ երեխաները մեր լույսն են, անհրաժեշտ է ֆիքսել նրանց գործունեությունը: Ֆիլմում ներկայացված են երգչախմբի՝ 16 քաղաքում ունեցած համերգները: Այն սիրո, լույսի, աշխատանքի և ճանապարհորդության մասին է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց կինոժապավենի ռեժիսոր Հրանտ Վարդանյանը:

Խմբի ավագ Տաթևիկ Այվազյանն ընդգծեց, որ Շվեյցարիայում գլխավոր համերգը կայացավ Վիկտորիա հոլ համերգասրահում, և բոլորին չէ, որ բախտ է վիճակվում ելույթ ունենալ այդ բեմում, բուռն ծափահարությունների արժանանալ:

 Ֆիլմի ցուցադրությունից առաջ «Հայաստանի փոքրիկ երգիչները» հանդես եկան գեղեցիկ կատարումներով՝ հիացնելով ներկաներին:

«Ֆիլմը չեմ դիտել: Հրանտն ի սկզբանե որոշել էր ինձ մասնակից չդարձնել աշխատանքներին, քանի որ նյութը շատ մեծ է, և ես վստահաբար կցանկանայի բոլոր կադրերը զետեղել ֆիլմում: Հրանտը մեզ հետ չի շրջագայել և իր հայացքով է ներկայացրել կինոնկարը»,-ասաց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը և հավելեց, որ դա իրենց շրջագայությունների մի փոքրիկ մասնիկն է, որը ռեժիսորի շնորհիվ կմնա պատմության մեջ:

Ցուցադրությանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, մեծանուն ռեժիսոր Արտավազդ Փելեշյանը, այլք:

Ֆիլմն արժանացավ հանդիսատեսի ջերմ ընդունելությանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am