1000х90.jpg (78 KB)

ՀՀ բնապահպանության նախարարն աշխատանքային այց է կատարել «Խոսրովի անտառ» պետական արգելոց

Armenpress 19:17, 22 Նոյեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը Կովկասի բնության հիմնադրամ (CNF) գերմանական կազմակերպության գործադիր տնօրեն Ջեոֆ Ջիակոմինիի հետ աշխատանքային այց է կատարել «Խոսրովի անտառ» պետական արգելոց: Աշխատանքային խմբում են եղել նաև ՀՀ բնապահպանության նախարարության պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև CNF-ի Հայաստանի ազգային համակարգող Արման Վերմիշյանը և ֆինանսական խորհրդատու Վարդան Գրիգորյանը: (CNF գերմանական կազմակերպությունը «Խոսրովի անտառ» պետական արգելոցին աջակցություն է ցուցաբերում օպերատիվ և զարգացման ծրագրեր իրականացնելու գործընթացում):  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, բնապահպանության նախարարը հյուրերի հետ շրջայց է կատարել արգելոցի վարչական շենքում գործող թանգարանում, դիտել «Խոսրովի անտառի» կենսաբազմազանությունը ներկայացնող կենդանիների և բույսերի ցուցանմուշները:  Հյուրերն այցելել են նաև  ՊՈԱԿ-ի հերբարիումների բաժին, որտեղ պահպանվում է 6 հազար նմուշ: Բաժնում առկա են 1928 թ-ից պատրաստած բույսերի հերբարիումներ, որոնցից օգտվում են Հայաստանի գիտական կենտրոնների բազմաթիվ մասնագետներ: Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրեն Ջեոֆ Ջիակոմինին գրառում է կատարել թանգարանի պատվավոր այցելուների մատյանում:

Վարչական շենքում անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել են արգելոցում իրականացվող բնապահպանական ծրագրերը և պահպանման ռեժիմի խնդիրները: Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն առաջնային կարևորել է արգելոցում պահպանման ռեժիմի առավելագույն խստացումը: Նախարարի գլխավորած աշխատանքային խումբն այցելել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածք, տեղում ծանոթացել պահպանման ծառայությունների իրականացման ընթացքին և էկոտուրիզմի խթանման համար արգելոցի բուֆերային գոտում ձևավորված այցելուների կենտրոնի պայմաններին:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am