Ավարտվել է երիտասարդության և ուսանողության առողջ ապրելակերպի շաբաթը

Armenpress 17:39, 17 Նոյեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի հեծանվահրապարակում տեղի ունեցավ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կազմակերպած երիտասարդության և ուսանողության առողջ ապրելակերպի շաբաթվա եզրափակիչ միջոցառումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հեծանվավազքում լավագույն եռյակը գլխավորել է Լևոն Լավչյանը, երկրորդ տեղն է գրավել Տարոն Նիկողոսյանը, երրորդ տեղը՝ Ռոբերտ Խաչատրյանը: 

Միջոցառմանը ներկա են գտնվել և հաղթողներին մրցանակներ հանձնել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը և նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանը: 

«Որպես երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպի տարածման նպատակով կազմակերպված առաջին նախաձեռնություն՝ երիտասարդության և ուսանողության առողջ ապրելակերպի շաբաթվանից մեր բոլոր սպասելիքներն արդարացան: Սակայն միջոցառումն ավելի մասսայական դարձնելու, ինչպես նաև կազմակերպական առումներով կատարելագործելու ուղղությամբ դեռևս աշխատանքներ ունենք անելու: Առհասարակ, նոր կառավարության ծրագրում էապես կարևորվում է մասսայական սպորտի տարածումը և զարգացումը մեր հանրության ամենատարբեր շերտերում: Ավելին՝ ապրելակերպ դարձնելը: Այդպես մենք կլինենք առողջ, ուժեղ: Եվ ոչ միայն քաղաքացիական կյանքում, այլև բանակում, որտեղ պահանջվում է ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգևոր առողջություն: Այս ծրագիրը շարունակվելու է: Բայց այն միակը չի լինելու»,- ասել է Քարամյանը: 

Նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ նախատեսվում է իրականացնել առողջ ապրելակերպի նոր ու բազմազան այլ ծրագրեր՝ կապված նաև ձմեռային մարզաձևերի հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am