Ծաղկաձորը, Ջերմուկը, Աշոցքը հավակնում են աշխարհին ներկայանալ որպես ձմեռային տուրիզմի սիրված վայր

Armenpress 09:32, 17 Նոյեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծաղկաձոր քաղաքն իր հյուրանոցներով ու ենթակառուցվածքներով պատրաստ սպասում է ձյան առատ տեղումներին ու ձմեռային տուրիզմի սիրահարներին: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը, քաղաքում գործում է 40 հյուրանոցային համալիր, որից  5-ը բարձակարգ հյուրանոց է, միջազգային չափանիշներին համապատասխան: Դրան զուգահեռ քաղաքում ձևավորվում է հյուրատների մշակույթը: Արդեն 5 հյուրատուն գործում է, առաջիկայում սպասվում են նորերը: Արթուր Հարությունյանը  նշեց, որ ներկայում քաղաքի հյուրանոցային տնտեսությունն ունի 5200 մահճակալ:

«Ծաղկաձորում հիմնականում դահուկային սպորտն է զարգացած, ունենք միջազգային բոլոր կանոններին համապատախանող սահուղիներ: Մեզ մոտ են մարզվում ՌԴ-ից ժամանած մարզիկները, ունենք ճոպանուղի, մշակութային վայրեր»,-ասաց Արթուր  Հարությունյանը` նշելով, որ առաջիկայում նոր ծրագրեր են իրականացնելու:

Մարզիկներից բացի, քիչ չեն ձմեռային տուրիզմի սիրահարների այցելությունները: Արթուր Հարությունյանը նշեց, որ հիմնականում այցելող զբոսաշրջիկները ՌԴ-ից են, Եվրոպայից: Արդեն սկսել են այցելել Սկանդինավյան երկրներից: Ակտիվություն է նկատվում Հայաստանում օտարերկրյա  դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների շրջանում:

«Մի շարք քայլեր ենք ձեռնարկում այցելությունների ակտիվությունն ապահովելու համար: Ինչպես գիտեք, նախորդ տարի Ծաղկաձորում անցկացվել է դահուկավազքի զարգացող երկրների առաջնություն: Այս տարի նույնպես նման ծրագիր է սպասվում: Դա նպաստում է այցելությունների աշխարհագրության ընդլայմանը: Աշխատանք է տարվում տուրօպերատորների հետ: Տեղի տուրօպերատորներն ակտիվ են, այդ իսկ պատճառով մենք թիրախավորել ենք այլ երկրների տուրօպերատորներին: Մասնակցում ենք նաև զբոսաշրջային ցուցահանդեսներին` Ծաղկաձորը ներկայացնելով, որպես դահուկային քաղաք` իր սարերի գրավչությամբ»,-ասաց քաղաքապետը: Նա հույս հայտնեց, որ ավիատոմսերի գների էժանացմամբ պայմանավորված` ՌԴ-ից եկող զբոսաշրջիկների թիվը կավելանա: Եթե նախորդ տարի քաղաքը 50 հազար հյուր է ունեցել, ապա այս տարի ակնկալում է 100 հազար: Ի դեպ, Ամանորին Ծաղկաձորի հյուրնոցները զբաղված են լինում: Քաղաքապետը նշեց, որ դեռ հոկտեմբերից սկսվում են ամրագրումները:

Ծաղկաձորից բացի, ձմեռային զբոսաշրջությունը զարգանում է նաև Ջերմուկ քաղաքում: Այն ունի 1000 մ երկարությամբ ճոպանուղի, որի երկու կողմից ձգվում են 1200 մ և 1400 մ երկարությամբ  սահուղիներ: Ջերմուկում գործում են առողջարանային մեծ համալիրներ, կան բարձրակարգ հյուրանոցներ, գործում են նաև հյուրատներ: Ընդհանուր առմամբ, քաղաքի հյուրանոցային տնտեսությունն ունի 2000 մահճակալ:

Ջերմուկի քաղաքապետի տեղակալ Սամվել Մարգարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դահուկասպորտի զարգացման համար որոշակի պայմաններ են ստեղծվել: Զբոսաշրջիկներ գալիս են, սակայն ցանկալի ակտիվությունը դեռ չկա:

«Ավելի շատ առողջարանական համալիրներում հանգստացողներն են օգտվում սահուղուց: Մեր այցելուները հիմնականում Հայաստանի բնակիչներն են: Վերջին տարիներին Ռուսաստանից են այցելություններ լինում, այլ երկրներից նույնպես գալիս են, սակայն քիչ թվով»,-ասաց փոխքաղաքապետը:

Այցելուների ակտիվությունն ապահովելու համար, ըստ Սամվել Մարգարյանի, ենթակառուցվածքները զարգացնելու տեղ կա: Նրա տեղեկացմամբ, արդեն կա շվեյցարական  մի ծրագիր, որով նախատեսվում է կառուցել սպորտային քաղաք` նոր սահուղիներով: Նախատեսված է կառուցել նոր ճոպանուղի: Այժմ սպասում են ներդրողների: Սամվել Մարգարյանը նշեց, որ ձմեռային տուրիզմի զարգացման համար տարբեր միջոցառումներ կազմակերպվում են, սակայն արդյունքները դեռ գոհացուցիչ  չեն:

Ձմեռային տուրիզմի զարգացման գործում հայտ է ներկայացնում Շիրակի մարզը: «Շիրակ տուրս» կազմակերպության տնօրեն Ալեքսան Տեր-Մինասյանը նշեց, որ խորհրդային տարիներին Շիրակն ավանդաբար դահուկավազքի մարզ է եղել:

«Այսօր այդ ավանդույթը փորձում ենք փոքր մասշտաբներով վերականգնել: Ձմեռային տուրիզմը զարգացնելու համար Շիրակն ունի եղանակային բարենպաստ պայմաններ: Մեր ավստրիացի ընկերները մեզ օգնեցին և նվիրեցին դահուկավազքի 50 զույգ պարագաներ, դրանք ավելի շատ զբոսանքի համար են: Այստեղ այնպիսի հարմարություններ են ստեղծված, որ ամենաանփորձ մարդն էլ կարող է դահուկներով զբոսնել, մեզ մոտ, ծառայությունն այդպես էլ կոչվում է, դահուկային զբոսանք: Մի քանի դահուկուղիներ ունենք ինչպես Աշոցքում այնպես էլ նրա ու Գյումրիի մոտակայքում»,-ասաց Ալեքսան Տեր-Մինասյանը:

Նա նշեց, որ ոչ պակաս զարգացած է Գյումրիի հյուրանոցային տնտեսությունը, հարակից հատվածներում գործում են մի շարք հյուրատներ: Անդրադառնալով այցելուներին, Ալեքսան Տեր-Մինասյանը նշեց, որ բացի հայերից,  բոլորին դահուկասպորտը հետաքրքրում է: Փոխարենն այդ հարցում ակտիվ են Հայաստանում դեսպանատների աշխատակիցները:

Ալեքսան Տեր-Մինասյանը նշեց, որ տուրիստներին գրավելու տեսանկյունից տուրիստական ընկերությունների հետ աշխատանքը կարևոր է, սակայն կարիք կա պետական հոգածության:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am