Հայաստանը և Հունաստանն ստորագրել են 2017թ. ռազմական համագործակցության ծրագիր

Armenpress 19:24, 15 Նոյեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում նոյեմբերի 15-ին կայացել են հայ-հունական երկկողմ ռազմական համագործակցության ամենամյա բանակցությունները, որոնց մասնակցել է Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության գլխավոր շտաբի միջազգային հարաբերությունների վարչության պետ, բրիգադի գեներալ Միլտիադիս Գրիլլակիսի գլխավորած պատվիրակությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,

հանդիպման ընթացքում ամփոփվել են 2016թ. երկկողմ համագործակցության ծրագրի արդյունքները, ինչպես նաև համաձայնեցվել և ստորագրվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջև 2017թ. ռազմական համագործակցության ծրագիրը, որում ներառված են համատեղ վարժանքներ և կրթական ծրագրեր, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փորձի փոխանակման միջոցառումներ:

Բանակցությունների ամփոփման նպատակով Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Կողմերը բարձր են գնահատել բանակցությունների արդյունքները և պաշտպանության ոլորտում հայ-հունական համագործակցության մակարդակը:

Բանակցությունների և հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am