«Կյանք ու կռիվ» ֆիլմը ցուցադրվում է Լոս Անջելեսում

Armenpress 16:56, 11 Նոյեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի՝ Արցախյան պատերազմի մասին պատմող «Կյանք ու կռիվ» ֆիլմն այս օրերին ցուցադրվում է Լոս Անջելեսում: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Շարմ Հոլդինգ ընկերությանը:

Նոյեմբերի 6-ին Լոս Անջելեսի Microsoft Theater դահլիճում տեղի ունեցած Pan Armenian Entertainment Awards 2016 մրցանակաբաշխության ժամանակ «Կյանք ու կռիվ» ֆիլմը մրցանակի էր արժանացել «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում:

Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» ֆիլմը, որը նվիրված է Հայաստանի անկախության 25-ամյակին, կինոթատրոններում ցուցադրվում է սեպտեմբերի 21-ից:

Հերոսները 25 տարեկան չորս ընկերներ են, որոնց ընկերությունը ծնվել է դեռևս դպրոցական տարիներից: Ճակատագրերը տարբեր են, բայց պատմությունը մեկն է՝ Ղարաբաղյան պատերազմը: Կինոնկարը մարդկային արժեքների, ընկերության, սիրո և հայրենասիրության մասին է:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ֆիլմի ռեժիսոր եւ սցենարիստ Մհեր Մկրտչյանն ասել էր, որ արդեն իսկ  ընթանում են «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկրորդ մասի նկարահանման աշխատանքները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am