Հայ նկարչուհին տարիներ առաջ նկարել է Թրամփի դիմանկարը. Վերջինս խոստացել է կախել այն իր տանը

Armenpress 18:54, 9 Նոյեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ նկարչուհի Լիլիա Կարճիկյանը տարիներ առաջ   նկարել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դիմանկարը, որը վերջինս խոստացել է կախել Նյու Յորքի իր տներից մեկի պատին: Նկարչուհին շատ ուրախ է, որ Դոնալդ Թրամփն ընտրվել է ԱՄՆ նախագահ և ցանկանում է նրա համար ևս մեկ նկար նկարել ու նախագահ ընտրվելու կապակցությամբ նրան նվեր ուղարկել: «Արմենպրես»-ի հետ զրույցում նկարչուհին մանրամասներ պատմեց, թե ինչպես է ստացվել, որ հանդիպել է Թրամփի հետ և նրա համար նկարել այդ դիմանկարը:

Լիլիա Կորճիկյանը պատմեց, որ ինքը հանդիսանում է ԱՄՆ-ում շատ հայտնի Unicorn Children’s Foundation կազմակերպության անդամ, որը սերտ համագործակցություն է ունեցել Դոնալդ Թրամփի հետ: «Ես երկար տարիների մտերմություն եմ ունեցել այդ կազմակերպության ղեկավարների՝ Վալերիա Ռոզեմբլյումի և Մարկ Ռոզեմբլյումի հետ, իսկ նրանք սերտ համագործակցում էին Դոնալդ Թրամփի հետ, քանի որ վերջինս ահռելի աջակցություն էր տրամադրում աուտիզմով հիվանդ երեխաներին օգնելու համար: Նա նաև բարեգործական հանդիսություններ անցկացնելու համար կազմակերպությանը տրամադրում էր իրեն պատկանող Մալարագո հայտնի բիզնես կենտրոնը, որը գտնվում է Ֆլորիդայում: Մինչ Թրամփին նկարելը ես կազմակերպության պատվերով շատ մարդկանց էի նկարել՝ որպես շնորհակալություն ցուցաբերած աջակցության համար: Եվ որպեսզի շնորհակալություն հայտնենք նաև Թրամփին, կազմակերպության ղեկավարները սկզբում նրան հարցրել էին՝ արդյոք կցանկանա՞, որ իրենց նկարչուհի Լիլիա Կարճիկյանը նրա դիմանկարը նկարի: Թրամփը մեծ սիրով համաձայնել էր, քանի որ տեսել էր իմ նկարները»,- պատմեց Լիլիա Կարճիկյանը:

Նա հավելեց, որ դիմանկարի շնորհանդեսը տեղի է ունեցել 2007թ., որին մասնակցել է նաև անձամբ Թրամփը: «Ես հատուկ շնորհանդեսի համար մեկնեցի Միացյալ Նահանգներ: Շնորհանդեսին ներկա էր նաև Թրամփը, ով 45 րոպե մեզ հետ անցկացրեց: Մենք այդ ընթացքում շատ անկեղծ շփում ենք ունեցել: Դիմանկարը նրան շատ էր դուր եկել, նա շատ գոհ էր մնացել: Այդ ժամանակ նա խոստացավ, որ դիմանկարը կախելու է Նյու Յորքի իր տներից մեկի պատին:  Նա այդ ժամանակ ցանկանում էր, որ ես մի քանի դիմանկարներ էլ նկարեի, սակայն ես հրաժարվեցի՝ ասելով, որ գնալու եմ Հայաստան, քանի որ այնտեղ իմ ընտանիքն է»,- հիշեց Կարճիկյանը:

Հայ նկարչուհին դրանից հետո ևս մեկ անգամ հանդիպել է Դոնալդ Թրամփին: Դա տեղի է ունեցել 2013թ.  Unicorn Children’s Foundation-ի կազմակերպած բարեգործական միջոցառման ժամանակ: «Մենք կրկին զրուցեցինք, նրա ընկերն էլ գնեց իմ աղջկա՝ Սվետլանայի նկարներից մեկը: Թրամփն այդ ժամանակ լուսանկարիչ կանչեց և խնդրեց մեզ միասին նկարել: Երկու տարի առաջ իմ նկարների ցուցահանդեսի ժամանակ ես ներկայացրել եմ Դոնալդ Թրամփի դիմանկարի պատճենը և մի քանի լուսանկարներ, որոնք ներկայացնում են իմ կյանքի այդ պահը»,- ասաց նա:

Նա հավելեց,  ԱՄՆ նախագահ ընտրվելու կապակցությամբ որպես նվեր Դոնալդ Թրամփի համար Հայաստանի գույներով որևէ նկար է ցանկանում նկարել ու նվիրել նրան, քանի որ Թրամփին շատ են դուր եկել Հայաստանի գույները, որոնք տեսել է իր նկարներում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am