Թուրքիան իշխանական կառուցվածքով աստիճանաբար վերածվում է Ադրբեջանի. քաղաքագետ

Armenpress 15:49, 7 Նոյեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան ավելի ու ավելի գնում է դեպի սուլթանիզացում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման կարծիք հայտնեց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Թուրքիան իշխանական կառուցվածքով աստիճանաբար վերածվում է Ադրբեջանի: Եթե նախկինում ընտրական համակարգը քիչ թե շատ աշխատում էր, հիմա դա անցյալում է: Այնտեղ տիրող վերջին իրադարձությունները (ընտրությունների չեղարկումը, հեղաշրջման փորձը, քաղաքական ձերբակալություններըցույց են տալիս, որ  Էրդողանի դեմ չկա որևէ հակազդեցություն»,- ասաց Իսկանդարյանը և հավելեց, որ քաղաքական ակտիվիստները, ընդդիմադիր կուսակցությունները և մտավորականները Թուրքիայում գտնվում են վախի ազդեցության տակ:

Քաղաքագետի կանխատեսմամբ՝ գարնանը Թուրքիայում ակնկալվում է սահմանադրության փոփոխություն, որը նմանվելու է Ադրբեջանի սահմանադրության փոփոխությանը:

«Դա կնշանակի, որ Թուրքիայում, ինչպես և Ադրբեջանում, իշխանությունը ընտրությունների միջոցով անհնար է լինելու փոխել»,- ընդգծեց Իսկանդարյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե թուրք հասարակության կողմից ինչպե՞ս կընկալվի մահապատժի օրինականացումը, քաղաքագետը նշեց.

«Թուրք հասարակությունը այն ընդունելու կամ չընդունելու հնարավորություն չունի: Իհարկե, կլինեն ցույցեր, կգրեն, կխոսեն, բայց դա էական ազդեցություն չի ունենա որոշման վրա: Թուրքիայի բանակը, որը քեմալական Թուրքիայի հիմքն էր, քանդված է: Մտավորականների որոշ մասն արտագաղթում է, իսկ մնացողները հնարավորություն չունեն արտահայտվելու, որովհետև արտահայտվելու դեպքում նրանց սպասվում է կամ աշխատանքից հեռացում, կամ ազատազրկում»,-եզրափակեց քաղաքագետը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am