Հայկական նոր հանրագիտարանը նախատեսվում է հրատարակել տասը հատորով

Armenpress 18:17, 2 Նոյեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ նիստ` նվիրված Հայկական հանրագիտարանի հրատարակչության հիմնադրման 50-ամյակին: 

Նիստի ընթացքում ներկայացվեց «Հայկական հանրագիտարանի կես դարը» ֆիլմը: Տեղի ունեցավ «Հանրագիտական բառարան»-ի առաջին հատորի շնորհանդեսը: Հրատարակչության աշխատակիցները պարգևատրվեցին ՀՀ ԳԱԱ պատվոգրերով ու գովասանագրերով: Հոբելյանական նիստին հրավիրված էին ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, գիտական ինստիտուտների ղեկավարներ և ԲՈՒՀ-երի ռեկտորներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն ասաց. «Այս միջոցառումը նվիրված է հայկական հանրագիտարանի ստեղծման 50-ամյակին և հանրագիտական բառարանի շնորհանդեսին, որը այդ խմբագրության վերջին նվաճումն է։ Հանրագիտարանը ամեն ժողովրդի դեմքն է` խտացրած տեղեկություններով։ Սա մշակութային կարևոր խնդիր է ու ամեն մի ժողովուրդ ցանկություն ունի այն իրականացնել։ Դրա համար պետք է լինել բարձր որակի մասնագետ, նվիրյալ տարբեր բնագավառներում»:  ՀՀ ԳԱԱ նախագահի խոսքով, հանրագիտարանը ստեղծող անձնակազմը այդ խնդիրը փայլուն է կատարել, քանի որ այն հայտնի է ամբողջ աշխարհում և հայ իրականության մեջ։ «Այն աշխատակազմը, որը ստեղծվել է 50 տարի առաջ, հիանալի աշխատանք է կատարել, որովհետև բացի հիմնական հանրագիտարանից, տարիների ընթացքում են նաև նեղ մասնագիտական հրատարակություններ։ Դրանց թվին է պատկանում այն բառարանը, որի շնորհանդեսը եղավ այսօր։ Երկու հատորում տեղակայված են 60.000 տերմիններ, անուններ և այլն, որը ըստ էության նկարագրում է ամբողջ հայոց լեզվի և մեր կյանքի բոլոր բնագավառները»:   Նոր հանրագիտարանը նախատեսվում է հրատարակել տասը հատորով։ Այդ հարցը կպարզվի վերջնական խմբագրական որոշման ընթացքում։  Հայկական Հանրագիտարանի հրատարակչության գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանն ասաց. «Այս տարիների ընթացքում ստեղծվել է խոշոր կոթողային մի հրատարակություն, որը կոչվում է «Հայկական Սովետական հանրագիտարան»։ Մի հետաքրքիր խոսք կա տարածված՝ «Հանրագիտարանը քաղաքակրթության չափանիշն է»։ Եթե պետությունը ունի հանրագիտարան, ուրեմն քաղաքակրթության ինչ-որ մի աստիճանով բարձր է մյուսներից, որոնք չունեն»:   1974-2008 թվականներին Հայկական հանրագիտարանի հրատարակչությունը հրատարակել է համապարփակ, ճյուղային, մանկական հանրագիտարանների տեղեկատու բառարանների 36 հատոր՝ շուրջ 3 միլիոն ընդհանուր տպաքանակով։ Առանձնահատուկ կարևորություն ունի «Հայկական սովետական հանրագիտարանը» (12+1 հատորով), որը տպագրվել է 1974-1988 թվականներին՝ 100 հազար տպաքանակով։ Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիրներ են եղել Վիկտոր Համբարձումյանը, Աբել Սիմոնյանը, Մակիչ Արզումանյանը, Կոնստանդին Խուդավերդյանը։ 1999 թ-ից Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիրն է Հովհաննես Այվազյանը։   



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am