1000х90.jpg (78 KB)

Լիբանանի խորհրդարանի հայ պատգամավորը նախագահական ընտրությունները համարում է պատմական պահ

Armenpress 14:49, 1 Նոյեմբեր, 2016

ԲԵՅՐՈՒԹ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի խորհրդարանի հայկական պատգամավորական խմբակցության ներկայացուցիչ Հակոբ Բագրատունին անդրադարձել է Լիբանանում նախագահական ընտրություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Բեյրութից, պատգամավորը խորհրդարանում կատարած իր հայտարարության մեջ ասել է, որ իր դաշնակիցների նկատմամբ ՀՅԴ կենտրոնական կոմիտեի դիրքորոշումները հաստատ են ու անշեղ:

«Նախագահական ընտրությունը համարում եմ պատմական պահ՝ փակելու անցյալի էջը և հայացքներն ուղղելու դեպի ապագա: Բոլորս պետք է համագործակցենք՝ վերակառուցելու համար այն, ինչն անցյալը փչացրել է»,- նշել է նա: Պատգամավորը շեշտել է, որ Միշել Աունի նախագահ ընտրվելը բոլոր լիբանանցիների երազանքն էր և ավելացրել է, որ ընտրություններից հետո պետք է փակել անցյալի էջը և դրանից դասեր քաղել, ինչպես նաև միասնաբար գործել, որպեսզի հնարավոր լինի Լիբանանը կտակել հաջորդ սերունդներին: Հ. Բագրատունին նախագահական պալատում շնորհավորելով Միշել Աունին՝ շեշտել է, որ նախագահի ընտրությունից հետո բոլորը պետք է պատրաստ լինեն հսկայական աշխատանքի, որպեսզի հնարավոր լինի թոթափել նախորդ տարիների հուսալքումը: «Աունի ընտրությունը խորհրդանշում է նաև պայքարի, համբերության և շարունակության ըմբռնում, և այն պետք է օրինակելի լինի քաղաքացիների համար, որպեսզի նրանք պայքարեն իրենց ձգտումների համար և կերտեն ազատ, գերիշխան և արժանապատիվ հայրենիք»,- ասել է նա: Հակոբ Բագրատունին հավելել է նաև, որ հանրապետության նախագահը յուրահատուկ անձնավորություն է, ով ճանաչված է բոլորի նկատմամբ բաց լինելու իր հատկանիշներով, անկեղծությամբ և վճռականությամբ:

«Նա իմաստուն կառավարիչ է: Պետք է նկատի ունենալ, որ այսուհետ հանրապետության նախագահ կա, և բոլորս պետք է նեցուկ կանգնենք նրա կողքին, որպեսզի հնարավոր լինի երկիրը վերականգնել»,- ասել է Հակոբ Բագրատունին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am