Տիգրան Սարգսյանը հնարավոր է համարում արդեն դեկտեմբերին ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի ստորագրումը

Armenpress 13:51, 14 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի օրակարգում է ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի փաստաթուղթը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Եվրասիական գործընկերության միջազգային առաջին համաժողովի բացման ընթացքում ասաց ՀՀ նախկին վարչապետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Նրա խոսքով՝ հանձնաժողովը աշխատանք է տանում այն արդեն այս տարվա դեկտեմբերին ստորագրելու ուղղությամբ: «Հանձնաժողովը արդեն երկար ժամանակ է՝ աշխատում է օրենսգրքի վրա, ներգրավված են նաեւ միության երկրների պետական մարմինները, ինչպես նաեւ բիզնես համայնքի ներկայացուցիչները՝ ապահովելու այնպիսի նորմերի ընդունումը,  որոնք առավելագույնս հաշվի կառնեն գործարար ոլորտի հետաքրքրությունները»,-ընդգծեց Տիգրան Սարգսյանը:

Անդրադառնալով տնտեսական ֆորումին՝ նա նշեց, որ այն ձեւավորում է լավ ավանդույթ, որտեղ գործարար համայնքը ստանում է հնարավորություն գտնել գործընկերների, փոխգործակցել պետական մարմինների հետ՝ ներկայացնելով, ոլորտի խնդիրները:

«Եվրասիական տնտեսական ինտեգրացիան նոր հիմք է ձեւավորում ձեռնարկատիրական համայնքի աշխատանքի համար: Եվրասիական ինտեգրացիոն նախագիծը ընդլայնել  է տնտեսական սահմանները բոլոր երկրների համար,  ստեղծել ընդարձակ, համարյա 200 մլն-ի հասնող շուկա առանց մաքսային սահմանների, դյուրացրել է բիզնեսի վարման կանոնները մի շարք ոլորտներում: Ինտեգրացիայի շնորհիվ բիզնեսը ստանում է ավելի լայն տիրույթ գործունեություն ծավալելու համար»,-նշեց հանձնաժողովի նախագահը:

Նա տեղեկացրեց, որ այժմ մշակվում են առեւտրատնտեսական համաձայնագրեր Հնդկաստանի, Եգիպտոսի, Իրանի, Մոնղոլիայի, Իսրայելի, Սինգապուրի եւ այլ երկրների հետ: Արդեն իսկ կնքվել է ԵԱՏՄ-Վիետնամի Հանրապետություն ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am