Հայաստանն արտադրում է մինչև 90 կիլոմետր խոցման հեռավորություն ունեցող ոչ կառավարվող հրթիռ

Armenpress 17:17, 13 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «65 ռազմական գործարան» հայկական ընկերությունն արտադրում է ոչ կառավարվող հրթիռներ, որոնց խոցման հեռավորությունը 70-90 կիլոմետր է: ArmHitec-2016 սպառազինության և զենքի միջազգային ցուցահանդեսի շրջանակներում «Արմենպրես»-ի հետ զրույցում ընկերության աշխատակից Ռաֆիկ Սողոմոնյանը ներկայացրեց իրենց արտադրանքը:

«Մենք արտադրում ենք նաև ոչ կառավարվող հրթիռ, որի խոցման հեռավորությունը 10 կիլոմետր է: Այն հնարավոր է բաց թողնել ինչպես մարտական ինքնաթիռից, այնպես էլ գետնից: Ինքնաթիռի վրա մեկ թռիչքի համար հնարավոր է տեղադրել 20 հրթիռ»,- նշեց Սողոմոնյանը:

Ընկերությունն արտադրում է նաև ուսումնական ավիառումբ, որը նախատեսված է կուրսանտների պարապմունքների համար: «Արտադրում ենք նաև տարբեր դետալներ, որոնք նախատեսված են հրետանու, նռնականետերի, ավտոմատների, ատրճանակների համար»,- հայտնեց ընկերության աշխատակիցը:

Նա հավելեց, որ գործարանը պատկանում է ՀՀ պաշտպանության նախարարությանը և արտադրանքն իրականացնում է նախարարության պատվերով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am