ԵՊՀ-ն նշում է մանկավարժության ամբիոնի հիմնադրման 95-ամյակը

Armenpress 15:50, 12 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՊՀ մանկավարժության ամբիոնի հիմնադրման և գիտամանկավարժական գործունեության 95-ամյակի կապակցությամբ հոկտեմբերի 12-ին ամբիոնը հոբելյանական հանդիսավոր նիստ իրականացրեց: «Մանկավարժության ամբիոնը ԵՊՀ-ի կարևորագույն օղակներից է: Այս տարի իր հոբելյանն է նշում նաև ամբիոնի վարիչ Նազիկ Հարությունյանը, ում շնորհիվ ամբիոնն ընդլայնեց համագործակցությունն այլ երկրների բուհերի հետ: Նրա ջանքերով ստեղծվեց երկու մագիստրոսական կրթական ծրագիր: Հարությունյանը բուհական, դպրոցական մեթոդական ձեռնարկների, 90 հոդվածի հեղինակ է: Շնորհավորում եմ նրան և մեզ` բոլորիս»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`նշեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Իր գործունեության ընթացքում կրթական ոլորտում ունեցած ներդրման համար ԵՊՀ մանկավարժության ամբիոնի վարիչ Նազիկ Հարությունյանին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը  ոսկե մեդալ շնորհեց:

ԿԳՆ փոխնախարար Մանուկ Մկրտչյանի խոսքով` յուրաքանչյուր լավ գիտնական նաև մանկավարժ է: «Մանկավարժության բնագավառում բազմաթիվ խնդիրներ կան, և դրանց լուծման համար անհրաժեշտ է փոփոխություններ մցնել մանկավարժության տեսության մեջ, ինչն էլ հնարավորություն կտա գործնականում կրկնապատկել հաջողությունները»,-ընդգծեց փոխնախարարը:

«Հայ մարդու, կրթության նկատմամբ հավատ ընծայողի, եկեղեցու համար մանկավարժության ամբիոնն այն դարբնոցն է, որտեղից դուրս են գալիս մարդու ճարտարապետությունը հղկող անձիք: Որախ եմ, որ ԵՊՀ-ն նման դարբնոց ունի»,-շեշտեց Տեր Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:

Միջոցառմանը Երևանի քաղաքապետի կողմից կրթության ոլորտում իրենց ավանդի համար պատվոգրեր հանձնվեցին մի խումբ դասախոսների: Իսկ ԵՊՀ մանկավարժության ամբիոնի վարիչ Նազիկ Հարությունյանին շնորհվեց «Երևան քաղաքի պատվավոր մանկավարժ» մեդալ:

Օրվա տոնական տրամադրությունը շարունակվեց «Ամբիոնի բարեկամ» անվանակարգի վկայականների հանձնման  արարողության ժամանակ: Վկայականներ հանձնվեցին նաև «Բակալավրիատի լավագույն ուսանող», «Մագիստրատուրայի լավագույն ուսանող», «Լավագույն շրջանավարտ» անվանակարգերում հաղթած ուսանողներին:

Հոբելյանական նիստի ընթացքում ցուցադրվեցին «ԵՊՀ մանկավարժության ամբիոնի 95-ամյա անցած ուղին» և «ԵՊՀ մանկավարժության ամբիոնի շրջանավարտների երախտիքի խոսքերը» փաստավավերագրական ֆիլմերը:

Նիստին հաջորդեց համերգ, որի ընթացքում ելույթ ունեցավ Պ. Յավորովի անվ. թիվ 131 հիմնական դպրոցի մանկավարժների երգչախումբը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am