Զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու համար անհրաժեշտ քննչական գործողություններ են ձեռնարկվում

Armenpress 17:37, 11 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում շարունակվում է պարտադիր ժամկետային զինծառայող Սուրեն Արմենի Մոսիյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Զինծառայող Մոսիյանը մահացել է մայիսի 29-ին. նրա մարմինը հայտնաբերվել է ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի կրակային դիրքում։ Բռնության հետքեր և հրազենային վնասվածքներ դիակի  վրա չեն հայտնաբերվել։

Նախաքննությամբ պարզվել է, որ Ս.Մոսիյանը 2015թ. հուլիսի 25-ին ՀՀ Արտաշատի տարածքային զինկոմիսարիատի կողմից զորակոչվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության՝ սահմանափակումներով:

Քրեական գործով նշանակված դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն` Սուրեն Մոսիյանի մահը վրա է հասել սուր սիրտ-անոթային անբավարարությունից, թոքերի այտուցից, որը պայմանավորված է առաջնային (իդիոպաթիկ) գերաճական կարդիոմիոպաթիայով, չափավոր արտահայտված կարդիոմիոպաթիկ կարդիոսկլերոզով, էնդոկարդի ֆիբրոզով, սրտի ճարպակալումով, հեպատո-սպլենոմեգալիայով (լյարդի և փայծաղի մեծացում), ներքին օրգանների միկրոցիրկուլյատոր-դիստրոֆիկ խանգարումներով, սրտամկանի ծանր դիստրոֆիայով, որոնք առկա են եղել վերջինիս մոտ կենդանության օրոք և հանգեցրել են նրա մահվան: Ըստ փորձագետների՝ զինծառայողը կենդանության օրոք տառապել է նաև այլ հիվանդություններով, որոնք մահվան անմիջական պատճառի հետ ուղղակի պատճառական կապի մեջ չեն գտնվում:

Նախաքննության ընթացքում կատարվել են մեծածավալ քննչական գործողություններ, հարցաքննվել բազմաթիվ վկաներ, որոնց թվում՝ Արտաշատի զինկոմիսարիատի զորակոչային բժշկական հանձնաժողովի անդամները։  Սուրեն Մոսիյանի առողջական խնդիրները զորակոչման ժամանակ համապատասխան պաշտոնատար անձանց կողմից ժամանակին հայտնաբերելու հանգամանքը պարզելու նպատակով նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական և ռազմաբժշկական համալիր փորձաքննություն: 

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ: Նախաքննության արդյունքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ կտրվեն համապատասխան քրեաիրավական գնահատականներ, ինչի մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Սուրեն Մոսիյանի մայրը օգոստոսի 2-ին ճանաչվել է որպես տուժողի իրավահաջորդ, իսկ սեպտեմբերի 28-ին որոշում է կայացվել՝ ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանին որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ ճանաչելու մասին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am