1000х90.jpg (78 KB)

Նաիրա Զոհրաբյանը պահանջում է ԵԽԽՎ-ում հատուկ քննարկել Ադրբեջանի սահմանադրական հանրաքվեն

Armenpress 19:47, 10 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի հոկտեմբերի 10-ին մեկնարկած աշնանային նստաշրջանում ելույթ է ունեցել  հայկական պատվիրակության անդամ,ԲՀԿ խմբակցության ղեկավար  Նաիրա Զոհրաբյանը, ով պահանջել է, որ  ԵԽԽՎ-ն հատուկ կամ հրատապ կարգով քննարկի Ադրբեջանում սեպտեմբերի 26-ին տեղի ունեցած հակաժողովրդավարական սահմանադրական հանրաքվեն, որով «Եվրոպայի Խորհրդի անդամ երկիրը պաշտոնապես վերածվում է սուլթանատի»։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԲՀԿ մամուլի ծառայությունից,  իր ելույթում նա ասել է.

«Հարգելի գործընկերներ,

Ես կարծում եմ, որ մենք հրատապ կարգով ուղղակի պարտավոր ենք քննարկել Ադրբեջանում սեպտեմբերի 26-ին տեղի ունեցած  Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։ Այդ հանրաքվեով Եվրոպայի Խորհրդի անդամ երկիրը պաշտոնապես վերածվում է սուլթանատի, եւ երկրի հիմնական օրենքով ամրագրվում է նախագահի աթոռը ժառանգությամբ փոխացնելու սուլթանատի հիմնական մոդելը։

Սահմանադրական փոփոխություններով սեփական պաշտոնավարումը 5 տարուց դարձնելով 7 տարի, իսկ նախագահի թեկնածուի համար նախատեսված տարիքային նվազագույն շեմը 35-ից դարձնելով 25 տարի, սրանով Ալիեւը երկրի մայր օրենքով ամրագրեց իր պաշտոնավարումից հետո նախագահի աթոռը կրտսեր Ալիեւին փոխանցելու դրույթը։ Եւ չնայած թե՜ դեռեւս ազատության մեջ մնացած Ադրբեջանի մի քանի իրավապաշտպան կազմակերպությունները, թե՜ «Մուսաֆաթ» կուսակցությունը, թե՜ ԱՄՆ Պետդեպը եւ մի խումբ կոնգրեսականներ կոչ արեցին Սահմանադրական դատարանին դրական եզրակացություն չտալ Ալիեւի հերթական բռնապետական թելադրանքին, սակայն սեպտեմբերի 26-ի հանրաքվեով Ադրբեջանը պաշտոնապես դարձավ բռնապետական սուլթանություն։

Հարգելի գործընկերներ, ես անգամ չեմ ցանկանում քննարկել, թե ինչ խայտառակ օրինախախտումներով  է անցել հանրաքվեն։ Հույս ունեմ մեր Վեհաժողովը կքննարկի նաեւ ԵԽԽՎ դիտորդական առաքելության խիստ անհասկանալի գնահատականը, որ  Ադրբեջանում հանրաքվեն անցել է բաց եւ թափանցիկ՝ արհամարհելով ԵԱՀԿ-ի եւ Վենետիկի հանձնաժողովի գնահատականները։  

Առնվազն հասկանալի չէ, թե ինչպե՞ս են Վեհաժողովի մեր գործընկերները օրինակելի համարում մի հանրաքվե, երբ ամբողջ միջազգային մամուլը եւ անգամ ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ հրապարակել են հարյուրավոր փաստեր ընտրակեղծիքների վերաբերյալ. օրինակ, թե ինչպես են քվեարկության տարել քվեարկելու իրավունք չունեցող դպրոցահասակ երեխաների։ Ավելին, աշխարհի տարբեր  երկրներում ապրող ադրբեջանցիները նշյալ երկրների ադրբեջանական դեսպանատների մոտ կազմակերպել են ցույցեր՝ «Ժողովուրդը թագավոր չի ուզում» պաստառներով։ Ու նման խայտառակությունից հետո հայտարարվում է, թե ադրբեջանցիների 91 տոկոսը կողմ է թագավոր ունենալուն։ 

Հարգելի գործընկերներ, այն, ինչ տեղի ունեցավ սեպտեմբերի 26-ին Ադրբեջանում, մեր կառույցում պետք է լրջագույն քննարկման առարկա դառնա։ Մենք լռեցինք, երբ Ալիեւը սահմանադրական նախորդ փոփոխություններով նախագահ առաջադրվելու իրավունքը դարձրեց ցմահ, լռում ենք հիմա, երբ ԵԽ անդամ երկիրը պաշտոնապես հայտարարվում է սուլթանատ։

Ես պահանջում եմ, որ քվեարկության դրվի Ադրբեջանում տեղի ունեցած հակաժողովրդավարական սահմանադրական հանրաքվեն հատուկ կամ հրատապ կարգով քննարկելու հարցը»։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am