1000х90.jpg (78 KB)

Թուրքիան թույլատրել է գերմանացի պատգամավորներին այցելել Ինջիրլիքի ռազմաբազա

Armenpress 16:01, 8 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի կառավարությունն ի վերջո թույլատրել է Գերմանիայի դաշնային խորհրդարանի պաշտպանության հարցերով հանձնաժողովի անդամներին այցելել Ինջիրլիքի ռազմաբազայում առաքելություն իրականացող իր զինվորականներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Reuters-ը:

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ողջունել է պաշտոնական Անկարայի նման որոշումը: «Պատգամավորները պետք է կարողանան այցելել այն բանակին, որը հաշվետու է խորհրդարանի առջև: Թուրքիայի կառավարության նման որոշմամբ մենք փոքր-ինչ ավելի առաջխաղացում ունեցանք մեր հարաբերություններում»,- ասել է նա:

Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից կարճ ժամանակ անց Գերմանիայի պաշտպանության նախարարության խոսնակը հայտարարեց, որ Թուրքիան թույլատրություն չի տրամադրել Գերմանիայի ՊՆ բարձրաստիճան պաշտոնային և խորհրդարանի մի քանի անդամների` 2016 թվականի հուլիսին այցելելու Ինջիրլիքի ռազմաբազա: Պաշտպանության նախարարության քարտուղարի տեղակալ Ռալֆ Բռաուքզիեփեն ծրագրել էր հուլիսին խորհրդարանական պատվիրակության հետ այցելել Թուրքիայում տեղակայված գերմանական զորքերին, սակայն դա արգելվել է` կապված Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հետևանքով թուրք-գերմանական հարաբերությունների լարման հետ:

Պաշտոնական Անկարան պահանջում է Գերմանիայի կառավարությունից հայտարարել Բունդեսթագի բանաձևից հեռու լինելու և դրան չաջակցելու մասին: Գերմանիայի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում և կանցլեր Անգելա Մերկելը, արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հրաժարվել են նման քայլի գնալուց:

Ինջիրլիքի ռազմաբազայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու նպատակով գտնվում են գերմանական Tornado հետախուզական ինքնաթիռներ և 240 գերմանացի զինվոր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am