1000х90.jpg (78 KB)

Գյումրիում տնակներում բնակվող ևս երկու ընտանիք տեղափոխվեց քարաշեն բնակարան

Armenpress 17:21, 20 Օգոստոս, 2016

ԳՅՈՒՄՐԻ, 20   ՕԳՈՍՏՈՍԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գյումրիում տնակներում բնակվող ևս երկու ընտանիք տեղափոխվեց քարաշեն բնակարան: «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի շրջանակներում 2 բնակարան հանձնվեց գյումրեցի անօթևան, բազմազավակ 2 ընտանիքի: Բնակարաններից մեկը ձեռք էր բերվել «Շիրակ հայրենակցական միության» նախաձեռնությամբ հավաքված հանգանակությունների, իսկ մյուսը՝ «Գյումրին առանց տնակների» հաշվեհամարին հավաքված գումարով: 

Բնակարանների հանձնմանը մասնակցում էին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, ով նաև «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը, «Շիրակ հայրենակցական միության», «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ և այլք:

Քաղաքապետը ողջունեց ու շնորհավորեց բնակարանամուտ տոնող բազմազավակ ընտանիքներին, մաղթելով նրանց բարեկեցություն: Քաղաքապետն իր խոսքում ընդգծեց՝ հիմնադրամը, շարունակելով իր գործունեությունը, կկարողանա բազմաթիվ անօթևան գյումրեցիների ապահովել բնակարանով:Ավելի քան 25 տարի Վարդանյանները բնակվում էին տնակում, իսկ տնակից՝ քարաշեն տուն՝ այն էլ սեփական, տեղափոխվելու հնարավորություն ու հույս ընտանիքը չուներ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում տանտիկին Շուշիկ Վարդանյանը նշեց, որ կիսավեր տնակում բնակվելն այլևս անհնար էր, սակայն քանի որ իրենք չունեին անօթևանի կարգավիճակ, չունեին նաև ոչ մի հույս բնակարն տեղափոխվելու: 

«Պետք է ասեմ, որ այս հիմնադրամի ստեղծման օրվանից ի վեր բավական աշխուժություն կա՝  զանազան կառույցներ ու կազմակերպություններ ցանկություն են հայտնում իրենց բարեգործական ծրագրերն իրականացնելու համար օգտագործել «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի խողովակը: Հիմնադրամը ևս իր ամիսների քրտնաջան աշխատանքի շնորհիվ արդեն հնարավորություն ունի սեփական միջոցներով բնակարան գնելու տնակում ապրող սոցիալապես անապահով ընտանքիներին: Ցանկությունս մեկն  է՝ ամառվա այս շոգին այս բարեգործությունը ձնագնդիի նման գնալով մեծանա ու չհալվի, չվերանա: Թող գա այն օրը, երբ տնակում ապրող վերջին բնակչին աչքալույս կտանք»,-իր խոսքում նշեց Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:

Արմենուհի Մխոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am