Երիտասարդական մայրաքաղաք Գյումրիում նշվեց «Երիտասարդների միջազգային օրը»

Armenpress 21:02, 12 Օգոստոս, 2016

 

ԳՅՈՒՄՐԻ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Գյումրիում  նշվեց Երիտասարդների միջազգային օրը: Օրվա խորհրդով պայմանավորված՝ «Երիտասարդների քաղաք 2016» խորագրով միջոցառումների շարք է անցկացվել քաղաքի տարբեր հատվածներում, որն իրականացվել է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և ՍԱԼՏՈ Արևելյան Եվրոպա և Կովկաս ռեսուրսային կենտրոնի հետ համատեղ: Միջոցառումների շարքը մեկնարկել է Գյումրիի քաղաքապետարանում տեղի ունեցած ճանաչողական հանդիպմամբ: 
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը երիտասարդներին ընդունեց քաղաքապետարանի նորակառաույց նիստերի դահլիճում, շնորհավորեց բոլորին տոնի առթիվ, իսկ տարվա ընթացքում տարբեր կազմակերպություններում աչքի ընկած առավել ակտիվ երիտասարդներին պատվոգրեր ու գրքեր շնորհեց: Ավելի ուշ, Ռիժկովի ճեմափողոցում, տեղի ունեցավ երիտասարդական կազմակերպությունների ԷՔՍՊՈ-ցուցահանդես, որին մասնակցում էին քաղաքում գործող երիտասարդական, մշակութային,  կրթական  և գիտահետազոտական կազմակերպությունները, կենտրոններն ու ոչ ֆորմալ խմբերը, այնուհետև  տեղի երիտասարդների և Գյումրիում հյուրընկալված «Եվրոպական կամավորական ծառայություն» տարածաշրջանային երիտասարդական հավաքի մասնակիցների կողմից անցկացվեց ֆլեշ մոբ:
Երիտասարդների օրվան նվիրված միջոցառումները Գյումրիում կեզրափակվեն երեկոյան համերգով՝ կենտրոնական հրապարակում՝   «Արփի և Hayway» փոփջազային բենդի մասնակցությամբ :
Գյումրին 2016 թվականին ճանաչվել է երիտասարդության մայրաքաղաք: Տարվա ընթացքում քաղաքում տեղի կունենան տարբեր մշակութային միջոցառումներ:  


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am