«Գարուն» ամսագիրը երկրորդ շնչառությունը կստանա նորանշանակ խմբագրի ջանքերով

Armenpress 16:57, 22 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոտ հիսուն տարվա պատմություն ունեցող «Գարուն» գրական-գեղարվեստական, հասարակական ամսագրի նոր խմբագիրն է բանաստեղծ Աշոտ Գաբրիելյանը: «Արմենպրես»-ը զրուցել է նորանշանակ խմբագրի հետ և պարզել, թե ինչ մտահղացումներ նա ունի` նորից կյանքի կոչելու ժամանակի ամենահայտնի և անվանի ամսագիրներից մեկը:

-«Գարուն» ամսագիրը եղել է ժամանակի առաջատար և ամենաավանգարդիստական ամսագիրը: Ինչպիսի՞ն է լինելու նոր խմբագրի ձեռագիրը:

-Ամսագրի համար նոր ձեռագիր ապահովելու առիթով բարդություններ կան, քանի որ «Գարուն»-ը ժամանակին եղել է ամենամոդեռն և համարձակ ամսագիրը: Ներկայումս` խոսքի ազատության պայմաններում, այդ համարձակությունը կարող է չնկատվել: Մոդեռնի և ավանգարդի գիծն առաջ տանելով պետք է հիշենք, որ «Գարունն» ունի ավանդույթներ, որոնք պետք է կարողանալ պահպանել: Ամսագիրը միշտ առանձնացել է իր թարգմանական աշխատանքներով, և հիմա ես համագործակցելու եմ նոր մարդկանց հետ, անգամ կլինեն թարգմանություններ ճապոնական բնագրերից:

-Արդեն ունե՞ք պատրաստի գաղափարներ այդ ամենն իրագործելու համար:

-«Գարուն»-ում կներգրավվեն ամենակենսունակ ուժերը` գրական, հասարակական և մշակութային: Միասին քննարկումների և բանավեճերի արդյունքում, որոնք նույնիսկ կերևան ամսագրում, կփորձենք հասարակական-մշակութային կյանքում նոր խոսք բերել: Թիմ հավաքելու ուղղությամբ արդեն աշխատանքներ են իրականացվում: Հնարավոր է` յուրաքանչյուր համարում աշխատենք տարբեր խմբերի հետ, որովհետև այդ շարժումը համարից համար պետք է երևա: Ամսագիրը բաց է համագործակցության համար:

-Արդեն իսկ անուն ունեցող տպագիր և առցանց ամսագրերի կողքին ինչպե՞ս է ամսագիրը պատրաստվում սեփական տեղն ապահովել:

-Կարծում եմ` «Գարուն»-ն անուն հանելու կարիք չունի, այն այսօր էլ ամենաառաջնային անուններից է, պարզապես պետք է «երկրորդ շնչառությունը» տալ դրան, ավելի թարմացված և նորարարական ձևով մատուցել ընթերցողին: Բացի այդ` կունենանք նաև «Գարուն»-ի էլեկտրոնային տարբերակը, որտեղ կներառվեն տպագիր ամսագրում չներառված հրապարկումները: Այնտեղ կլինեն նաև հին թողարկումների արխիվացված տարբերակները, որպեսզի ընթերցողները տեսնեն, թե ամսագիրն ինչ ճանապարհ է անցել:

-Ինչի՞ վրա եք պատրաստվում շեշտը դնել:

-Առաջին հերթին կցանանայի նշել, որ խորհրդային տարիներից հետո գրող-ընթերցող, քննադատ-հասարակություն կապերի մեջ տարըմբռնումներ կան: Կաշխատենք քննարկումների շնորհիվ գրականության մեջ կարևորել առաջնայինը, այսինքն` վերադարձնել հասարակությանը գրքին: Պետք է հասկանալ բուն խնդիրը և մշակութային գործիչ-հասարակություն կապը ավելի արդյունավետ դարձնել: Մեր երկրում գրական ճաշակ թելադրում է ընդամենը մի քանի հոգի: Շատ կարևոր է, որ ընթերցողը հաճույքով գնի ամսագիրն ու սպասի հաջորդ համարին:

-Ո՞րն է լինելու ամսագրի գլխավոր ասելիքը:

-Առաջին հերթին` նպաստել գրական գործընթացներին և գրական-մշակութային-հասարակական կապի ամրապնդմանը: Այն պետք է շփումների համար դաշտ դառնա: Ես ուզում եմ, որ «Գարուն» ամսագիրը լինի խաչմերուկ գրական բանավեճերի համարը, ինչը շատ կարևոր է գրականության զարգացման համար: Մենք պատրաստ ենք ընդգրկել ու քննարկել բոլոր գրական հոսանքներն ու միտումները:

Հարցազրույցը` Լուսինե Ղազարյանի



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am