«Ոսկե ծիրան». Ծանր 90-ականների դրական հիշողությունները՝ «Բարի լույս» ֆիլմում

Armenpress 16:24, 15 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնը շարունակում է ներկայացնել հայկական և արտասահմանյան արտադրության մի շարք ֆիլմեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կայացել է «Հայկական համայնապատկեր» ազգային մրցույթում ներկայացված Աննա Արևշատյանի  «Բարի լույս»  լիամետրաժ ֆիլմի շնորհանդեսը:

 Ֆիլմը նկարահանվել է Հայաստանում: Այն պատմում է 90-ականների` ռեժիսորի սերնդի հիշողությունները: Նրա համոզմամբ` չի կարելի մոռանալ այդ տարիները, սակայն պետք է հիշել նաև լավը, իսկ վատն ընկալել որպես դաս:«Մենք անընդհատ ճգնաժամի մեջ ենք, և շատերը հոգնել են այդ ծանր հիշողություններից, բայց պետք է փորձել հիշել նաև այդ օրերից լավը, այլապես առաջ գնալ չենք կարող»,- կարծում է Արևշատյանը:

«Բարի լույս» սոցիալական դրաման ռեժիսորի դեբյուտային աշխատանքն է: Ֆիլմը նկարահանելիս մրցանակների արժանանալու նպատակ չի հետապնդել, այլ պարզապես  ցանկացել է իր ժողովրդի մասին ֆիլմ նկարահանել` արտասահմանյան հանդիսատեսին հայկական մշակույթը ներկայացնելու, դրանով գրավելու և Հայաստանը նկատելի դարձնելու համար:

Ֆիլմի օպերատորը` ազգությամբ լեհ Պավել Դիլուսը պատմեց, որ իր առաջին այցից մի քանի շաբաթ անց նա սկսեց Հայաստանն իր երկրորդ հայրենիքն անվանել: Այդ ընթացքում նա ծանոթանում էր ֆիլմի սցենարին, քննարկում այն Արևշատյանի հետ, փնտրում նկարահանման հնարավոր վայրերը: «Դա երկու տարի առաջ էր, իսկ երբ ես նորից եկա Հայաստան, ինքնաթիռից իջնելիս աչքերս արցունքներով լցվեցին»,- պատմեց Դիլուսը:

Լեհ օպերատորն ասաց, որ հայերն ու լեհերը երկար ժամանակ պայքարել են ազատության համար, և որ ինքը շատ հայ երիտասարդների է տեսնում Հայաստանում, ովքեր ցանկանում են պայքարել երևույթների դեմ, որ 90-ականների արդյունք են: Նրա խոսքով` նույնը տեսնում է նաև Լեհաստանում: Դիլուսը նաև հավելեց, որ հիացած էր Արևշատյանի աշխատանքով` մարդկանց հետ կապ հաստատելու ունակությամբ և պատկերների զգացողությամբ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am