Հայաստանում սկսվում է ռազմական նշանակության գիշերային տեսանելիության և ջերմատեսիլ սարքերի արտադրություն

Armenpress 11:36, 14 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունն «Ունիկում Ինժիներինգ» ընկերությանը տրամադրեց «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» ՓԲԸ տարածքում շահագործողի թույլտվություն՝ էլեկտրոնիկայի և ճշգրիտ ճարտարագիտության ոլորտում գործունեություն ծավալելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ ընկերությունը նախատեսում է ԱՏԳ-ում կազմակերպել ռազմական նշանակության գիշերային տեսանելիության և ջերմատեսիլ սարքերի արտադրություն:

«Նախատեսվում է, որ ծրագրի երկրորդ տարում` 2017թ., արտահանման ծավալները կկազմեն մոտ 5 մլն դոլար, իսկ 5-րդ տարում`  շուրջ 12 մլն դոլար: Ծրագրի առաջին տարվա ընթացքում նախատեսվում է արտադրել և արտահանել մինչև 1000 սարքեր, հետագայում ավելացնելով քանակը մինչև 5500-ի: Արտահանման հիմնական ուղղությունը հանդիսանում է ՌԴ-ն»,- ասաց նախարարը:

Ծրագրի շրջանակներում (5 տարի) իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 31 մլն դոլար, առաջին տարում կստեղծվի 10 նոր աշխատատեղ` 150 հազար դրամ միջին աշխատավարձով, իսկ հինգերորդ տարում` ավելի քան 35` 350 հազար դրամ միջին աշխատավարձով:

Ընկերությունն ունենալու է մոտ 60քմ գրասենյակային և մոտ 400քմ  արտադրական տարածք: «Սիտրոնիկս Արմենիա» ՓԲ ընկերությունը համաձայն է տրամադրել վերոնշյալ տարածքը` 5 տարի ժամկետով և ապահովել համապատասխան ենթակառուցվածքով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am