«Հայաստան. Ստեղծենք միասին» հավաքի աշխատանքային խումբը քննարկել է ղարաբաղյան հիմնահարցի անցյալն ու ապագան

Armenpress 19:43, 11 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի լավագույն համալսարաններում սովորող ուսանողների և շրջանավարտների՝ «Հայաստան. Ստեղծենք միասին»  երիտասարդական հավաքի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Հայկական բարեգործական ընդհանուր միության, «Լույս» և «Այբ» հիմնադրամների հետ համագործակցությամբ ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական  դպրոցում հուլիսի 11-ին մեկնարկել է «Հայկական շահերի պաշտպանություն և մեդիա» աշխատանքային խմբի՝ «Ղարաբաղյան հիմնահարցն ապրիլյան քառօրյա պատերազմից առաջ և հետո» առաջին թեմատիկ նիստը, որը վարեց ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից,  որի հաղորդագրության մեջ նշված է. «Վահե Գաբրիելյանը հակիրճ ներկայացրեց դիվանագիտական դպրոցի գործունեությունը, կարևորեց Սփյուռքի նախարարության հետ իրականացվող երիտասարդական հավաքի նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ  վերջինս միտված է մեկտեղելու և համախմբելու աշխարհի հայ երիտասարդների ներուժը:

ՀՀ Նախագահի օգնական Վարուժան Ներսիսյանն անդրադարձավ  Լեռնային Ղարաբաղի հակամարտության սկզբնավորմանը, զարգացումներին և հեռանկարներին:

Շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին նման նախաձեռնության համար՝ Վարուժան Ներսիսյանը հանգամանալից ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի պատմական և իրավաքաղաքական ասպեկտները, ներկայիս գործընթացները և հեռանկարները:

ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը հանդես եկավ «Խորհրդարանական դիվանագիտությունն ու հայկական շահերի պաշտպանությունը ղարաբաղյան հիմնահարցի համատեքստում» զեկույցով:

Թ. Պողոսյանն անդրադարձավ Արցախյան հիմնախնդրի  բանակցային գործընթացին, լուծման մեխանիզմներին, խորհրդարանական դիվանագիտության դերակատարությանը:

Խոսելով ազգային շահերի մասին՝ պատգամավորը կարևորեց  խորհրդարանական համաժողովներում դրանց արդյունավետ ներկայացման անհրաժեշտությունը:

«Ղարաբաղյան  հիմնախնդիրը և տարածաշրջանային անվտանգությունը» թեմայով հանդես եկած քաղաքագետ, տարածաշրջանային անվտանգության հարցերով փորձագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն անդրադարձավ  Հարավային Կովկասում  տարածաշրջանային հակամարտություններին՝ կարևորելով Հայաստանի դերը տարածաշրջանային անվտանգության համատեքստում և դրանցում  արտաքին գործոնների հնարավոր դերակատարությունը:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիրքորոշումը» զեկույցը  ներկայացրեց ԼՂՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը: 

Նիստից հետո տեղի ունեցավ ակտիվ, կառուցողական քննարկում, մտքերի փոխանակում:

Երեկոյան հավաքի մասնակիցները  Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա գտնվեցին  Հայաստանի պարի պետական ասնամբլի համերգին»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am