Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը մեծ էկրաններին կհայտնվի այս տարվա դեկտեմբերին

Armenpress 19:58, 16 Հունիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երջանկահիշատակ ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում»  ֆիլմը մեծ էկրաններին կհայտնվի այս տարվա դեկտեմբերի սկզբին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Asbarez-ը` վկայակոչելով իր աղբյուրները:

Օսկարակիր  ռեժիսոր Թերի Ջորջի հեղինակած ֆիլմում հանրահայտ օսկարակիր  դերասան Քրիստիան Բեյլը կմարմնավորի սիրահարված ու միևնույն ժամանակ  Առաջին աշխարհամարտի ճակատում հայտնված  երիտասարդ Քրիսին, իսկ «Ոսկե գլոբուս»-ի հաղթող Օսկար Այզեքը կմարմնավորի նույն կնոջը սիրահարված, բայց հին աշխարհի ավանդույթներին բախվող Միքայելին: «Խոստում» ֆիլմում նկարահանվում են նաև այնպիսի դերասաններ, ինչպիսիք են  Շառլոտ լը Բոնը, Ջեյմս Քրոմվելը, Ժան Ռենոն, Շորե Ագդաշլուն և Անժելա Սարաֆյանը: Նկարահանումների ավարտին Survival Pictures կինոստուդիայի համաղեկավար և պրոդյուսեր Էրիկ Եսրաիլյանը Asbarez-ին գրած նամակում ասել է. «Քըրքորյանը հպարտ կլիներ, դա առանց այդ էլ ծանր աշխատանքն ավելի հատուկ է դարձնում»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am