Եվս 70 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ կգործեն սահմանամերձ բնակավայրերում և մարզերում

Armenpress 11:21, 16 Հունիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի 9 մարզերում կգործեն «Արմաթ» անվանումը կրող շուրջ 70 ինժեներական խմբակ-լաբորատորիաներ։ Ներդրումներն արվում են Ucom ընկերության կողմից` Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) և Ucom-ի միջև ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԻՏՁՄ-ից, նախագիծը նպատակ ունի խթանելու տեխնոլոգիական կրթությունը Հայաստանի համայնքների բոլոր դպրոցներում, նպաստելու աշակերտների մոտ ժամանակակից բարձր տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրության առաջացմանը, վաղ տարիքից ճարտարագիտական մտածելակերպի զարգացմանը և բանիմաց ուսանողների նախապատրաստմանը։

Հունիսի 10-14-ը «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիաներ են բացվել Գեղարքունիքի մարզում Վարդենիկի կրթահամալիրի, Մարտունու Գեղհովիտի դպրոցի, Մարտունու ավագ դպրոցի, Գավառի և Կարմիր գյուղի երկու հիմնական դպրոցների, Ծովագյուղի միջնակարգ դպրոցի,  Սևանի ավագ դպրոցի, Դդմաշենի միջնակարգ դպրոցի, Տավուշի մարզում սահմանամերձ Ոսկեպարի, Սևքարի ու Այգեհովիտի դպրոցների, ինչպես նաև, Ազատամուտի, Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցի ու նշված բնակավայրերին կից գյուղերում բնակվող աշակերտների համար։

Նախագիծը հնարավորություն է տալիս գործնականորեն աջակցելու Հայաստանի և համաշխարհային շուկայում որակյալ ՏՏ մասնագետների ինտեգրման, նրանց միջև փորձի փոխանակման, նաև՝ ՏՏ ոլորտում մեծ ծավալի ներդրումների ներգրավման գործընթացին։ Հատկանշական է, որ խմբակներում մշակված ծրագրային փաթեթները, ինչպես նաևսարքավորումների գծագրերը բաց են հանրության համար։ Համակարգչային ծրագրերն ու համակարգերը հնարավորինս հայաֆիկացվում են, իսկ նախագծի իրականացման շրջանակներում սարքավորումներ և ծրագրային միջոցներ ձեռք բերելիս նախապատվություն է տրվում տեղական արտադրողին, ինչի վառ օրինակ են հանդիսանում Հայաստանում արտադրված բարձրակարգ եռաչափ (3D) տպիչները, մինի համակարգիչները, ռոբոտաշինության հավաքածուները և այլ սարքերը։

ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, խոսելով ծրագրի ռազմավարական նշանակության մասին, նշել է. «Մեր նպատակն է վերականգնել Հայաստանի՝ որպես ինժեներական երկրի իմիջը: Բացի այդ, ապրիլյան իրադարձությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ միայն ինժեներական գիտելիքն է մեզ հնարավորություն տալու ստեղծել ժամանակակից ռազմական լուծումներ»: Վարդանյանը նաև ընդգծել է, որ այս քայլով իրենք նպաստում են մարզային զարգացմանը: «Ինժեներական լաբորատորիաներում տեխնոլոգիական կրթություն ստացած աշակերտներն առաջիկայում կկարողանան ստեղծել ստարթափ ընկերություններ և հոգալ իրենց ընտանքի ու համայնքի կարիքները»,-հավելել է նա:

«Որպես Հայաստանում ստեղծված և աշխատող ընկերություն մենք առանձնահատուկ կերպով կարևորում ենք սահմանամերձ բնակավայրերի աշակերտների ներգրավվածությունը նախագծում և վստահ ենք, որ Հայաստանի ցանկացած մարզում բնակվող ՏՏ մասնագետն իր գիտելիքներով և հմտություններով չի զիջելու աշխարհի առաջատար ՏՏ-ընկերություններում աշխատող օտարերկրյա մասնագետներին»,-ասել է Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am