Ֆրանսիայի Սենատը քվեարկեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մեղմացնելու օգտին

Armenpress 10:38, 9 Հունիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Սենատը (խորհրդարանի պալատը) ձայների ճնշող մեծամասնությամբ հավանություն է տվել այն բանաձեւին, որով կոչ է արվում մեղմացնել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

«Կողմ» է քվեարկել 302 սենատոր, «դեմ»՝ 16-ը:

Փաստաթուղթը, որը խորհրդատվական բնույթ ունի, հորդորում է Ֆրանսիայի կառավարությանը՝ Եվրամիության ղեկավարության հետ պատժամիջոցների հարցը քննարկելիս պահանջել պատժիչ ռեժիմի աստիճանական մեղմացում՝ Ուկրաինայի վերաբերյալ Մինսկի համաձայնագրերի իրագործման ընթացքին համապատասխան, ինչպես նաեւ խորհրդարանականների դեմ անհատական պատժամիջոցների չեղարկում:

Փաստաթղթի հեղինակներն այն կարծիքին են, որ տնտեսական ոլորտում պատժամիջոցների աստիճանական մեղմացումը եւ քաղաքական ոլորտում դրանց վերանայումը կնպաստի Մինսկի համաձայնությունների կատարման հարցում առաջընթացի հասնելուն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am