Էլեկտրոնային նոր ինտերակտիվ ուղեցույցը կներկայացնի Երևանի տեսարժան վայրերն ու դրանց պատմությունը

Armenpress 16:47, 2 Հունիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի նախաձեռնությամբ լույս է տեսել «Բացահայտենք Երևանը. հայացք քաղաքի անցյալին և ներկային» զբոսաշրջային էլեկտրոնային գիրքը: Այն մուլտիմեդիա հարթակի վրա ստեղծված շարքի արդեն երկրորդ ինտերակտիվ գիրքն է: Էլեկտրոնային ինտերակտիվ ուղեցույցը կազմվել է Երևանում և դրա շրջակայքում զբոսաշրջիկների համար այցելությունն ավելի հաճելի և արդյունավետ դարձնելու համար:

«Էլեկտրոնային ուղեցույցն անվճար է. այն կարելի է ներբեռնել համակարգիչների, պլանշետների ու հեռախոսների մեջ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր նախագահ Երվանդ Զորյանը: Էլեկտրոնային ուղեցույցն առաջարկում է հեշտ կիրառելի ծրագրերի բազմազանություն՝ սկսած օրվա ընթացքում առանցքային փոքրիկ ճամփորդություններից, վերջացրած տոնական, մշակութային և հասարակական միջոցառումներով: Գրքում տեղ են գտել զանազան տեսանյութեր, վիրտուալ շրջագայություններ, երաժշտություն, պատկերասրահներ, լուսանկարներ, 3D և պանորամային պատկերներ, ինտերակտիվ քարտեզներ և հետաքրքիր պատմություններ Երևանի ու նրա հարակից տարածքների մասին:

Գիրքը հասանելի է 7 լեզուներով՝ արևմտահայերեն, արևելահայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իսպաներեն և թուրքերեն: Գիրքն ունի նաև աուդիոտարբերակ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am