1000х90.jpg (78 KB)

«Շինարարություն և ինտերիեր 2016» ցուցահանդեսը ներկայացնում է ոլորտում տեխնոլոգիական նորամուծություններն ու ձեռքբերումները

Armenpress 17:41, 27 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարևորելով շինարարության ոլորտի զարգացումը՝ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը և «Պրոմ էքսպո» ընկերությունը անցկացնում են ավանդական դարձած տարածաշրջանի խոշորագույն միջազգային մասնագիտացված «Շինարարություն և ինտերիեր 2016» խորագրով 9-րդ ցուցահանդեսը: Դրան մասնակցում են բնագավառը ներկայացնող շուրջ 120 տեղական և արտասահմանյան կազմակերպություններ, այդ թվում՝ Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից և այլ երկրներից:

«Պրոմ Էքսպո» ընկերության գործադիր տնօրեն Արմեն Զաքարյանն իր խոսքում նշեց, որ ցուցահանդեսի մասնակիցները տարեցտարի ավելի աշխուժորեն են ներկայացնում տարատեսակ ու հետաքրքիր նորամուծությունները:

Ցուցահանդեսի կգործի մայիսի 27-ից 29-ը, և այդ ընթացքում մասնակիցները սպառողին կներկայացնեն ոլորտի ձեռբերումները, նորամուծությունները և նոր տեխնոլոգիաները: «Շինարարություն և ինտերիեր 2016» -ի հիմնական նպատակն է խթանել համատեղ գործարար և ներդրումային ծրագրերը Հայաստանի և արտերկրի միջև: Դա հնարավորություն կտա ներդրողներին ուսումնասիրել շինարարական ոլորտը, ինչը դրական ազդեցություն կունենա երկրի տնտեսական աճի վրա: Հայաստանի «Փոքր և միջին բիզնեսի զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում կազմակերպվում են գործարար համագործակցության հանդիպումներ: Դա թույլ է տալիս մասնակիցներին գտնել գործընկերներ նաև արտասահմանյան երկրներում».- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Զաքարյանը:

«ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Լևոն Մնացականյանն ասաց, որ այսօրվա ցուցահանդեսին ներկայացված են և տեղական արտադրողներ, և ներկրողներ, որոնց մի մասը ստացել է պետական աջակցություն ՓՄՁ ԶԱԿ կողմից: Բացի այդ՝ որոշ ընկերությունների տեխնոլոգիաներն ու արտադրանքը ներկայացված են ամբողջ միջազգային ցանցում:

«Այս ցուցահանդեսը բավականին արդյունավետ է լինում. դրա միջոցով ստեղծվում են գործարար կապեր տարբեր ոլորտների արտադրողների ու ներմուծողների միջև: Փորձը ցույց է տալիս, որ շատ ներմուծողներ հետագայում իրենք են սկսում զբաղվել արտադրությամբ՝ փոխարինելով ներմուծումը տեղական արտադրանքով»,- հավելեց Մնացականյանը:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am