Կյանքի 75-րդ տարում վախճանվել է բանաստեղծ Վազգեն Առաքելյանը

Armenpress 15:04, 11 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 75-րդ տարում վախճանվել է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, 1977 թվականից Հայաստանի գրողների միության անդամ Վազգեն Առաքելյանը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԳՄ վարչությունից:

Առաքելյանը ծնվել է 1941 թ. Աբովյանի շրջանի (այժմ՝ ՀՀ Կոտայքի մարզ) Ջրաբեր գյուղում։ Ավարտել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը։ Հեղինակ է երկու տասնյակից ավելի գրքերի, այդ թվում՝ «Արարատ լեռան քուրմը» (1998), «Խաչքար մայրիկիս» (2004), «Շիրազ-Նամե» (չափածո վեպ, 2006), «Գործող հրաբուխ» (2010), «Գիշերվա նախերգանք» (2011) և այլն։ Գրել է նաև մանուկ ընթերցողի համար։

Նրա ստեղծագործությունները թարգմանվել են մի քանի լեզուներով։

1993 թ. «Մորս ձեռքի հացը» բանաստեղծական ժողովածուի համար արժանացել է Դանիել Վարուժանի անվան մրցանակի, «Հակոբ Մեղապարտ» և ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալների (2008 թ.), «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» մրցանակի (2009 թ.)։

Վաստակաշատ գրողի, սրտացավ մարդու՝ Վազգեն Առաքելյանի հիշատակը վառ կմնա նրան ճանաչողների, գործընկերների, մտերիմների և ընթերցողների սրտերում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am