Ական փնտրող ռոբոտներ պատրաստողների մեջ են տեսնում Հայաստանի ռազմարդյունաբերության ապագան

Armenpress 15:43, 16 Ապրիլ, 2016

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դպրոցականներից և ուսանողներից կազմված 11 թիմ պայքարում է «Ական փնտրող ռոբոտներ» մրցույթում լավագույնը ճանաչվելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Յուքոմ» ընկերության աջակցությամբ` Ինֆորմացիոն տեխոնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից անցկացվող մրցույթն անցկացվում է #ԱրմՌոբոտիքս ծրագրի շրջանակներում և նպատակ ունի բացահայտելու ու խրախուսելու փորձառու հայ մասնագետներին, զարգացնելու ռոբոտաշինության ոլորտը Հայաստանում: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն Հայկ Չոբանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ռոբոտաշինության ծրագիրը ԻՏՁՄ-ի կարևորագույն ծրագիրն է, որն իրենք սկսել են իրագործել 2009 թվականից տարբեր մրցույթների տեսքով: «Հետագայում այն վերածվեց ռոբոտաշինական խմբակների, իսկ անցյալ տարվանից արդեն  Հայաստանի դպրոցներում ինժեներական լաբորատորիների ներդրման: Մեր նպատակն է, որ երեխաները վաղ տարիքից մտնեն ինժերենական կրթության մեջ և լուծեն ինժերենական տարբեր խնդիրներ: Այսօր էլ դրա դրսևորումներից մեկն է, երեխաները լուծել են ռազմական խնդիր, պատրաստել են ական փնտրող ռոբոտներ: Դա այն հիմքն է, որն այս երեխաներին կուղղորդի ավելի լայն, բարդ ու խորը խնդիրների ուսումնասիրություն: Սրանք այն երեխաներն են, որոնք հետագայում հիմք հանդիսանան Հայաստանի նորօրյա ռազմարդյունաբերական զարգացման համար»,-ասաց ԻՏՁՄ փոխտնօրենը:

Հայկ Չոբանյանի համոզմամբ` հակառակորդին հաղթելու գրավականներից մեկը երեխաների ներկայությունն է ոլորտում, երբ 10-12-14 տարեկան երեխաները կսկսեն լուծել տեխնոլոգիական խնդիրներ:

Նա ուշագրավ համարեց այն հանգամանքը, որ մասնակից 11 թիմերից 9-ը այն դպրոցներից են, որտեղ ներդրված են ռոբոտաշինության և ինժեներական լաբորատորիաներ: Երկու թիմեր էլ ներկայացված են Երևանի համալսարաններից: «Սա էլ է հետաքրքիր, որ դպրոցականները մրցում են ուսանողների հետ»,-հավելեց նա:

«Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանն էլ շեշտեց, որ վերջին շաբաթվա իրադարձություններն ավելի արժևորեցին անցկացվող միջոցառման կարևորությունը: «Մենք բոլորս հասկանում ենք, որ այս մրցույթի տված ծիլերը մի քանի տարի հետո կունենան իրենց ռեալ ազդեցությունը մեր ռազմաարդյունաբերության և, իհարկե, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում»,-նշեց Հայկ Եսայանը: Նա հիշեցրեց, որ իրենց ընկերությունը  մշտապես փորձել է օգտակար լինել ոլորտին և շարունակելու է աջակցությունը, որպեսզի նորարար գաղափարները կյանքի կոչվեն: Հայկ Եսայանը տեղեկացրեց, որ ԻՏՁՄ-ն ու «Յուքոմ»-ն իրականացնում են նաև «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթը, երի եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսին:

«Ական փնտրող ռոբոտ» մրցույթը բացվեց ներկաների կողմից մեկ րոպե լռությամբ` հարգելու վերջին օրերին Արցախում զոհվածների հիշատակը: Մինչ ռոբոտները կկատարեին առաջադրանքը, «Կարին» երգի-պարի համույթի տղաները ռազմական պար ներկայացրին: Վերջապես արհեստական խոտածածկի վրա երևաց առաջին ռոբոտը: Մասնակից ռոբոտները պետք է խոչընդոտները շրջանցելով գտնեին մինչև 3 սմ խորության վրա արհեստական խոտածածկի տակ պահված ականները, ֆիզիկապես նշեին դրանց գտնվելու վայրը և դրանց դասավորությամբ էլեկտրոնային քարտեզը ուղարկեին սերվերին:

Մրցույթին հետևում էին ոչ միայն մասնակից թիմերի հարազատները, նաև դպրոցականներ, ովքեր հաճախում են ռոբոտաշինական խմբակներ: Երևանի թիվ 86 դպրոցի 5-րդ դասարանի աշակերտները` տղա-աղջիկ, դեռևս տիրապետում են պարզ մուլտֆիլմ ստեղծող ծրագրի, իսկ առաջիկայում ցանկանում են իրենք ռոբոտ նախագծել: Միջոցառմանը մասնակցում են հետաքրքրասիրությունից դրդված, նաև նոր բան սովորելու ակնկալիքով: Հարցին ի պաստախան, թե հետագայում ինչ սարք կցանկանան նախագծել` տղաներից մեկն ասաց. «Ես ինքնաթիռ կպատրաստեի ու մեր դիրքերը, որ մեր տղաները ուժեղ լինեն ու մեզ պաշտպանեն: Կպատրաստեի այնպիսի բան, որ կարողանային մեր զինվորները օգտագործել»:

Հայաստանում ու Արցախում արդեն գործում է 86 խմբակ, որոնցից 26-ը համալրված են ժամանակակից սարքերով:

Հաղթող գաղափարների հեղինակները դրամական խոշոր պարգևատրումներ կստանան մրցույթի աջակից՝ «Յուքոմ» ընկերության կողմից:

Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am