Հայաստանի հավաքականը դուրս մնաց «Fed Cup» թենիսի մրցաշարից

Armenpress 18:19, 15 Ապրիլ, 2016

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեռնոգորիայի Ուլցինժ քաղաքում ապրիլի 11-ից մեկնարկած թենիսի «Fed Cup» մրցաշարի եվրոաֆրիկյան գոտու 3-րդ խմբի «B» ենթախմբի երրորդ տուրում հայ թենիսիստուհիները պարտվել են իռլանդուհիներին: «Արմենպրես»-ը հայտնում է, որ ապրիլի 15-ին մրցաշարի շրջանակում կայացած Հայաստանի և Իռլանդիայի թենիսի կանանց հավաքականների դիմայակության ժամանակ հայուհիները թեժ դիմադրություն են մղել իրենց մրցակիցների հանդեպ, չնայած պարտվել են վերջնարդյունքում:

Հայաստան-Իռլանդիա դիմակայությունում գրանցվել է 2-1 հաշվով հաղթանակ իռլանդուհիների օգտին: Հայ մրցակցի՝ 18-ամյա Անի Սաֆարյանի նկատմամբ մեծ առավելություն է ունեցել 16-ամյա Աննա Բոութելը, ով մենախաղում 6:1, 6:0 հաշվով հաղթանակ է տոնել: Մենախաղում մրցակցին հաղթել է Հայաստանի լավագույն թենիսիստուհի Անի Ամիրաղյանը: Հայաստանի առաջին ռակետը 6:3, 6:2 հաշվով հաղթել է 16-ամյա Ջենիֆեր Թիմոթիին:

Երկու հավաքականների դիմակայության հաղթողը որոշվել է զուգախաղում: Անի Ամիրաղյան-Լուսինե Չոբանյան զույգը չնայած առաջին սեթում 6:4 հաշվով հաղթել է Ջենիֆեր Թիմոթի-Ջորջիա Դրումի զույգին, հաջորդ երկու սեթերը զիջել է 0:6, 4:6 հաշվով:

Թենիսի «Fed Cup» մրցաշարի եվրոաֆրիկյան գոտու 3-րդ խմբի «B» ենթախմբի 3-րդ խաղային օրվա 2-րդ` Իսլանդիա-Մակեդոնիա խաղում մակեդոնուհիները 3-0 ընդհանուր հաշվով հաղթել են՝ գրավելով խմբում առաջին տեղը: Երկրորդ տեղում Իռլանդիայի կանանց թենիսի հավաքականն է, 3-րդում՝ Հայաստանը, իսկ Իսլանդիան եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Ինչ վերաբերում է հայ թենիսիստուհիների խաղին, ապա Հայաստանի առաջին ռակետ Անի Ամիրաղյանը հաղթանակով ավարտեց  իր բոլոր անհատական մրցավեճերը՝ մրցակցուհիներին չզիջելով և ոչ մի սեթում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am