Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ ավագ լեյտենանտ Բենյամին Եղոյանի հոգեհանգիստը

Armenpress 19:24, 8 Ապրիլ, 2016

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայրենասեր, համեստ, գործի նվիրյալ. Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի կողմից սանձազերծված մարտական գործողությունների հետևանքով զոհված ավագ լեյտենանտ Բենյամին Եղոյանի հոգեհանգիստը: «Արմենպրես» -ի փոխանցմամբ` հոգեհանգստի արարողությանը մասնակցում էին նրա հարազատները, ընկերները և պարզապես մարդիկ, ովքեր եկել էին հրաժեշտ տալու հերոսին:   

Ընտանիքի բարեկամ Անուշավան Սարգսյանը փաստում է` Եղոյանը հայրենասեր անձնավորություն էր:  «Ընտանիքի մյուս որդու հետ դժբախտ պատահար է տեղի ունեցել, մահացել է: Շատ հայրենասեր, շատ մարդկային, հոյակապ հայ էր: Ավագ լեյտենանտ էր, սովորել էր Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարանում»,- պատմեց ընտանիքի բարեկամը:

«Փոքր Մհեր» կրթահամալիրի մանկավարժ Մարինե Առաքելյանը Բենյամին Եղոյանի դասղեկն է եղել:

«Նա 2003 թվականից կրթահամալիր է տեղափոխվել, 5-րդ դասարանից եղել եմ նրա դասղեկը: Խորը վիշտ ու ցավ եմ ապրում: Կորցրել ենք իսկական հերոսի: Դասավանդել եմ գրականություն: Հոյակապ անձնավորություն էր, օգնում էր թույլերին, թույլ չէր տալիս որևէ մեկին վիրավորել: Միշտ կապ ենք ունեցել, խորհուրդներ էր հարցնում, իր հաջողությունների մասին պատմում»,-նշեց Մարինե Առաքելյանը:

Բենյամին Եղոյանի դասախոս, փոխգնդապետ Գրիգոր Սերոբյանը միշտ գոհ է եղել իր ուսանողից:

«Շատ լավ կուրսանտ էր, դրական արդյունքներ էր ցուցաբերում, համեստ, կշռադատված էր: Ցավոք, նման բախտի չպետք է արժանանար: Պատերազմը տանում է լավերին: Շատ բան կպատմեի նրա մասին, բայց հուզմունքը թույլ չի տալիս: Նրա հայրը մեր հայտնի գնդապետներից էր, ուզում էր հոր ուղին շարունակել»,-հավելեց Գրիգոր Սերոբյանը:

Ավագ լեյտենանտ Բենյամին Ներսեսի Եղոյանը ծնվել է 1992թ.: Զինված ուժերում էր 2009-ից: Հերոսին կհուղարկավորեն Եռաբլուրում:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին Մարտունու ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: Ավելի ուշ Ստեփանակերտի հիվանդանոց են տեղափոխվել ևս չորս վիրավոր քաղաքացիական անձինք: Իսկ ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ Թալիշում նախօրեին ադրբեջանցիները գազանաբար գնդակահարել, խոշտանգել ու խեղել են երեք խաղաղ բնակիչների: Հայկական կողմը 32 կորուստ ունի, 25 զինծառայող անհայտ կորած է, 121 մարդ` վիրավոր: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել իրավիճակը վերցնել վերահսկողության տակ և զգալի կորուստներ պատճառել հակառակորդին. ապրիլի 1-5-ը տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է ավելի քան 300 կորուստ (որոշ տեղեկություններով` զոհերի ու վիրավորների թիվը նշվում է 2000), ոչնչացվել է 24 տանկ, 3 հետևակի մարտական մեքենա, 1 ինժեներական տեխնիկա, 2 ուղղաթիռ, 7 անօդաչու սարք, 1ՄՄ 21ռեակտիվ հրետանու մարտական մեքենա: Ապրիլի 5-ին՝ ժամը 12:00-ին, շփման գծում դադարեցվել է կրակը` Հայաստանի և Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի` Մոսկվայում ձեռք բերած պայմանավորվածության համաձայն: Ադրբեջանն ինտենսիվ խախտում է պայմանավորվածությունը` ապրիլի 6-ի լույս 7-ի գիշերը կատարելով դիվերսիոն անհաջող երկու փորձ, ապրիլի 6-ի գիշերը կրակի տակ պահելով անգամ ՀՀ Վարդենիս քաղաքը:

 

 

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am