Հայաստանում Պոեզիայի համաշխարհային օրը նշվում է բացառիկ ընդգրկմամբ

Armenpress 18:37, 21 Մարտ, 2016

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Պոեզիայի համաշխարհային օրը նշվում է բացառիկ ընդգրկմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հանրապետության ողջ տարածքում մարտի 21-ին անցկացվում են հանրային ընթերցումներ, ֆլեշմոբեր, գրական քննարկումներ, գրողներին նվիրված ֆիլմերի դիտումներ, դասախոսություններ:

ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ` միջոցառումներն անցկացվում են Երևանի և մարզերի մի շարք գրադարաններում, թանգարաններում, մշակույթի տներում, գրախանութներում, հուշարձան-հուշահամալիրների տարածքում, հանրակրթական, հատուկ և գիշերօթիկ դպրոցներում, ակումբներում, Հյուսիսային պողոտայում, Սիրահարների այգում,  քաղաքի պուրակներում ու փողոցներում:

Ե. Չարենցի տուն-թանգարանում դասական և ժամանակակից  պոետների ստեղծագործությունները ներկայացրին գրական խմբակների աշակերտները: «Պոետի օջախը չէր կարող անմասն մնալ այս գեղեցիկ օրվանից: Մեր դպրոցականները, երիտասարդները հրաշալի զգում են պոեզիա: Նմանատիպ միջոցառումները նպաստում և ի հայտ են բերում պոեզիա սիրող և զգացող երեխաներին»,-շեշտեց Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը:

Պոեզիայի համաշխարհային օրվան նվիրված տոնակատարություններին մասնակցում են և պոեզիա ընթերցում ժամանակակից գրողներ, գրականագետներ, մշակույթի և արվեստի գործիչներ: 1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն մարտի 21-ը հռչակել է Պոեզիայի համաշխարհային օր: Տոնն առաջին անգամ նշվել է Փարիզում, ապա` տարածվել աշխարհով մեկ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am