Ադրբեջանցիները սադրիչ գործողությունների են դիմում ITB-Berlin զբոսաշրջային ցուցահանեսում ԼՂՀ մասնակցությունը դադարեցնելու նպատակով

Armenpress 18:35, 12 Մարտ, 2016

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը մարտի 12-ին դադարեցրել է իր տաղավարի աշխատանքները ցուցահանդեսում` բողոքելով ITB-Berlin միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում Արցախի Հանրապետության մասնակցությունը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքից, Ադրբեջանի տաղավարի վրա կպցվել են պաստառներ, որոնցով ազդարարվում է իրենց դժգոհությունը ցուցահանդեսի կազմակերպիչներից՝ Արցախի մասնակցությունը թույլ տալու համար: Միևնույն ժամանակ, բազմաթիվ ադրբեջանցիներ պետական դրոշներով շրջափակելով  Արցախի տաղավարը, անհաջող փորձեր են ձեռնարկել խափանելու արցախցիների աշխատանքը: Ադրբեջանցի ցուցարարները բազմաթիվ սադրիչ գործողությունների են դիմել տաղավարի շուրջը, փորձելով նաև վնասել այն: Սակայն Արցախի տաղավարի շուրջ են հավաքվել նաև ցուցասրահում գտնվող Հայաստանի Հանրապետության տաղավարի մասնակիցները` օգնելու արցախցիների անփորձանք ու խաղաղ աշխատանքին:

Քիչ անց ցուցահանդեսի անվտանգության ծառայությունը` անտեսելով  ցուցարարների դիմադրության փորձերը, նրանց դուրս է արել սրահից: Ցույցի ցրումից հետո Արցախի տաղավարը վերսկսել է իր արդյունավետ աշխատանքը: Ինչպես միշտ, Ադրբեջանի գործողությունները էլ ավելի են բարձրացրել ցուցահանդեսի մասնակիցների և այցելուների հետաքրքրությունը Արցախի տաղավարի հանդեպ, յուրօրինակ փիառ-գովազդ հանդիսանալով Արցախի համար:

Ինչպես արդեն հրապարակվել էր, Արցախի պատվիրակությունը մարտի 9-ից 13-ը առանձին տաղավարով ներկայացնում է ԼՂՀ-ն ITB Berlin 2016 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին: Ցուցահանդեսի բացման առաջին իսկ ժամերից Արցախի տաղավարը մեծ հետաքրքրություն է առաջացնում ցուցահանդեսի այցելուների մոտ: 

 ITB Berlin-ը հանդիսանում է Եվրոպայում խոշորագույն զբոսաշրջային ցուցահանդեսը, որը հյուրընկալում է գրեթե երկու հարյուր հազար այցելու աշխարհի 185 երկրներից: Ցուցահանդեսը կարևոր է նաև երկկողմ ուղղակի կապեր հաստատելու առումով, քանի որ այն հյուրընկալում է զբոսաշրջային ոլորտի առաջատար մասնագետների ու ընկերությունների, և Արցախի մասնակցությունը տվյալ միջոցառմանը զբոսաշրջության զարգացման համար կարևոր նշանակություն է ստանում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am